Ադրբեջանական ընդդիմությունը տարին սկսել է յուրահատուկ ակտիվությամբ, որի մասին են վկայում հունվարի առաջին տասնօրյակում տեղի ունեցած իրադարձությունները: Այսպես, հունվարի 8-ին ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության շտաբում տեղի է ունեցել «Հասարակական պալատի» նիստը` «Մուսավաթ»-ի ղեկավար Իսա Ղամբարի նախագահությամբ: Նիստին մասնակցել են նաեւ Ադրբեջանի ժողովրդական ճակատ, Ադրբեջանի Դասական ժողովրդական ճակատ կուսակցությունները, ինչպես նաեւ անկուսակցական քաղաքական գործիչներ: Նիստի շրջանակներում հաշվետվություն է ներկայացվել 2011-ի ձեռքբերումների վերաբերյալ, բացի այդ քննարկվել է Իլհամ Ալիեւի հրաժարականը պահանջելու հարցը, նախատեսվում է ակցիաներ կազմակերպել այդ հարցը լուծելու համար:
Ընդդիմադիր ճամբարի հաջորդ կարեւոր իրադարձությունը Ադրբեջանի Դասական ժողովրդական ճակատ կուսակցության շտաբում հունվարի 9-ին տեղի ունեցած ընդդիմադիր 5 կուսակցությունների ղեկավարների հանդիպումն է: Qafqazinfo-ի հաղորդմամբ, նիստին մասնակցել են Ադրբեջանի Դասական ժողովրդական ճակատ, «Այդընլար», «Բաց հասարակություն», Լիբերալ-Դեմոկրատական, «Ազադլըգ» («Ազատություն») կուսակցությունները: Որոշում է կայացվել նոր ուժի ստեղծման մասին, որը կոչվելու է «Դիմադրության շարժում հանուն դեմոկրատական հասարակության», նախագծվել է դրա գործունեության ոլորտներն ու կառուցվածքը:
Նշենք, որ այս իրադարձությունները միաժամանակ դրսեւորում են ադրբեջանական հասարակության անբուժելի հիվանդությունը: Մի կողմից, այդ հասարակությունը խեղդվում է Ալիեւների կլանի ավտորիտար վարչակարգի ճնշման ներքո, մյուս կողմից էլ երկրի դեմոկրատացման համար պայքարում են քաղաքական կուսակցությունները եւ ազգային-ֆաշիստական շարժման ներկայացուցիչները:
Գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցություններն անցյալ դարի 90-ական թվականներին ձեւավորված Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության մնացորդներն են: Հենց նույն Ժողովրդական ճակատի, որը պետական մակարդակի բարձրացրեց էթնիկ մաքրումների քաղաքականությունը` մեծաթիվ ազգային փոքրամասնություն կազմող հայերի հարցում: Այդ նույն Ժողովրդական ճակատը կազմակերպեց 1990-ի հունվարի հայկական կոտորածները Բաքվում: Եւ այժմ այդ ղեկավարները մտադիր են երկրում զբաղվել դեմոկրատական արժեքների քարոզչությամբ: Իշխանություններն էլ, չհրաժարվելով գլխավոր գաղափարախոս Ռամիզ Մեհտիեւի մեթոդներից, անում են ամեն հնարավորը ծայրահեղական ընդդիմության ուժեղացման համար: Արդեն 2011-ին Ժողովրդական ճակատը զանգվածային բողոքի ակցիաներ է կազմակերպել հենց Բաքվում: Տեղացի եւ արտասահմանյան որոշ փորձագետների կարծիքով, ադրբեջանական հասարակությունը միտումներ ունի մեծացնել ազգայնական ընդդիմությանը ցուցաբերվող օժանդակությունը:



























