ԱՄՆ Սենատը հրաժարվեց երկարաձգել Մեթյու Բրայզայի լիազորությունները Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, ինչը կարող է բացասաբար ազդել Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների վրա: Այդ մասին գրում է Շահին Աբբասովը EurasiaNet կայքում:

Բրայզայի լիազորությունները ավարտվել են 2011թ. վերջին, երբ Սենատը չի հաստատել Օբամայի կողմից նրա նշանակումը:

Սենատի մերժումը կրկին վակուում է ստեղծում այդ ծայրահեղ նուրբ դիվանագիտական հարցում: Նշանակման գործընթացը պետք է նորից սկսել: Մինչ նոր դեսպանի ժամանումը դեսպանատունը կղեկավարի փոխդեսպան Ադամ Սթերլինգը:

Մասնավոր զրույցներում Բրայզայի նշանակման շուրջ սկանդալը ադրբեջանցի պաշտոնյաները գնահատում են որպես ապտակ Ադրբեջանին: Առանձնահատուկ տարակուսանք է հարուցել այն, որ հայկական ծագումով ամերիկյան կազմակերպություններն ազդել են դեսպանի նշանակման վրա:

Ադրբեջանցի պաշտոնյաների մեծ մասը հրապարակավ Բրայզայի չնշանակումը համարում է Վաշինգթոնի ներքին գործը, բայց թաքուն ակնարկում, որ ամերիկյան օրենսդիրները ծախված են եւ ենթարկվում են ազդեցության: