Հանգստից հետո միշտ էլ աշխատանքի վերադառնալը դժվար է սակայն, եթե համարենք, որ տոնական հանգստից հետո աշխատելը դեպրեսիա է առաջացնում, ապա կստացվի, որ յուրաքանչյուր երկուշաբթի մեզ մոտ պետք է դեպրեսիվ շրջան սկսվի։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, հրավիրված ասուլիսում նշեց ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը` խոսելով տոնական հանգստի շուրջ թեմայով։
«Բայց, եթե մարդ գիտակցում է, որ տոնն ավարտվում է եւ սկսվում է աշխատանքը, ամեն ինչ ճիշտ հունի մեջ կընկնի։ Աշխատանքը դա պահանջմունք է։ Իհարկե, աշխատանքը նաեւ նյութական բարիքներ ստեղծելու համար է, բայց աշխատանքը միաժամանակ անձի դրսեւորման շատ կարեւորագույն բաղադրամաս է»,- պարզաբանեց հոգեբանը։
Նրա խոսքով, եթե մարդը գնում է աշխատանքի, նա նաեւ ինքնաիրացվում է, նա նաեւ համոզված է, որ նորմալ աշխատավայրերում նման խնդիրներ չեն առաջանում։
«Տոները ոչ թե հոգնելու, այլ` հանգստանալու համար են: Ավելին՝ տոները ճիշտ ծրագրավորելու դեպքում, մարդիկ ոչ թե կհոգնեն, այլ` կհանգստանան»,- իր խոսքն ամփոփեց նա:



























