Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Հովհաններ Սահակյանը տվյալ փուլում նպատակահարմար չի համարում 100% -ով համամասնական ընտրական համակարգին անցնելը: Իր կարծիքը, որն ամբողջությամբ համընկնում է ՀՀԿ կարծիքին, պատգամավորը հայտնել է հունվարի 10-ի մամուլի ասուլիսում:

Խորհրդարանականը հիշեցրել է, որ հարցը երկկողմանի դիտարկման կարիք ունի` իրավաբանական եւ քաղաքական: Առաջին դեպքում ընտրական համակակարգի փոփոխությունը կպահանջի օրենսդրական փոփոխություններ, նաեւ` Սահմանադրության փոփոխություն: Նախքան մայիսին նշանակված ընտրությունները, դա անելը տեխնիկապես անհնար է: Ինչ վերաբերում է հարցի քաղաքական կողմին, ապա, պատգամավորի խոսքով, ընդդիմության ներկայացուցիչների ներկայացրած փաստարկներն այն մասին, որ մեծամասնական համակարգը նպաստում է խորհրդարանում առեւտրականների «հայտնվելուն», համակարգի փոփոխության համար բավարար չափով հիմնավորված չեն:  Այսպես, առանձին գյուղերում դժվար թե առանձնապես վերլուծում են այս կամ այն կուսակցության նախընտրական ծրագրերը, եւ գյուղացիների համար առավել հոգեհարազատ է մեծամասնական համակարգով ընտրվող տեղական ներկայացուցիչը:

Այդ կապակցությամբ Հովհաննես Սահակյանն ընդգծել է, որ հարցը համակարգի մեջ չէ, այլ թե ինչպես են օգտագործվում ընտրական գործիքները: Որպես օրինակ պատգամավորը նշել է Ռուսաստանի Դաշնությունը, որն անցել է 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին: «Սակայն վերջին ընտրությունները ոչ պակաս քննադատություն առաջ բերեցին», - նշել է Սահակյանը: Միաժամանակ, պատգամավորը խուսափել է լրագրողների այն հարցից, թե ինչումն է ազգային ընտրական համակարգի վատ աշխատանքի պատճառը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նպատակահարմար չէ՞ Ղրղըզստանի օրինակին հետեւելով  ընդդիմության համար քվոտաներ ներդնելը, պատգամավորը կարծիք է հայտնել, որ նման մոտեցումը ճիշտ չէ: «Իսկ դուք այդ ամենին նայեք ընդդիմության տեսանկյունից: Ասենք թե ընդդիմությունը հավաքի ոչ թե 40 տոկոս, ինչպես նախատեսված է քվոտայով, այլ 50 տոկոս: Ի ՞նչ անի այդ դեպքում: Ժողովուրդը պետք է որոշի, թե ում է տալու իր ձայնը», - հիշեցրել է պատգամավորը: