NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է «The Armenian Reporter»-ում հրապարակված Տանիել Քուշակջյանի հոդվածը.
«ԱՄՆ ընտրություններին մեկ տարվանից էլ քիչ ժամանակ է մնացել, եւ նախընտրական արշավն արդեն թեժանում է: Ընտրական այս շրջանը կառանձնանա բոլոր նախորդներից` արշավների վարման թարմ մարտավարություն, նոր տեխնոլոգիաներ, ընտրական շրջանների սահմանների վերանայում: Ամեն ինչ պատրաստ է արմատապես փոխելու 2012թ-ին ամերիկացիների քվեարկությունը: Եւ այդ գործոններն ազդելու են ոչ միայն նախագահական, այլ Կոնգրեսի ընտրությունների վրա:
Այսպիսով, ի՞նչ է այս ամենը նշանակում Ամերիկայի հայ համայնքի համար:
Տասնամյակներ շարունակ ամերիկահայերը ակտիվորեն մասնակցել են Կոնգրեսի ընտրություններին` բարձրացնելով հայկական հարցերն ու խնդիրները, ինչն ստիպում էր, որ քաղաքական գործիչները մրցեն մեր քվեի համար: Վերջին տարիներին ոչ մեծ, սակայն աճող թուրքական համայնքը հետեւում է մեր օրինակին:
110-րդ Կոնգրեսում հայկական խումբն ավելի քան 160 անդամ ուներ, այսօր արդեն` մոտ 135 անդամ: Միաժամանակ` Կնոգրեսի թուրքական խումբը վերջին տարիներին 200 տոկոսանոց աճ է արձանագրել` 60 անդամից հասնելով 126 -ի:
Տվյալ պահին Ներկայացուցիչների տան 17 դեմոկրատներն ու 9 հանրապետականները հայտարարել են, որ չեն ձգտելու վերընտրվել: Կոնգրեսի հայկական խումբը կորցնում է եւս 9 անդամի:
Արդեն վաղուց հասունացել է Կոնգրեսում ամերիկահայերի ընտրության հարցը. այս տարի Օրեգան նահանգի աշխատանքի կոմիսար Բրեդ Ավագյանը փորձեց առաջադրվել դեմոկրատական կուսակցությունից, բայց անհաջողություն կրեց` նախնական ընտրություններում հավաքելով 22%, ինչը, սակայն, այնքան էլ քիչ չէ:
Այս պահին միայն մեկ ամերիկահայ է պաշտոնապես փաստաթղթեր ներկայացրել Կոնգրեսում առջադրվելու համար` Դավիթ Գրիգորյանը, իսկ մյուսը` Դենի Թարխանյանը, պատրաստվում է:
Դավիթ Գրիգորյանը հայտնի է ամերիկահայերի շրջանում. 2008 եւ 2010 թվականներին նա պայքարում էր թուրքական կողմից ֆինանսավորվող կոնգրեսական Ջին Շմիդտի հետ: Գրիգորյանը նրան մեղադրել էր թուրքական «արյունոտ փողերի» ստացման մեջ, ինչի համար Շմիդտը հայց էր ներկայացրել Օհայոյի ընտրական հանձնաժողով, որն էլ որոշում էր կայացրել հօգուտ Շմիդտի»:



























