81 տարեկանում մահացել է աշխարհի ամենաազդեցիկ տնտեսագետներից մեկը՝ Սթենլի Ֆիշերը: Ինչպես The New York Times-ին տեղեկացրել է նրա որդին, նրա մահվան պատճառը Ալցհեյմերի հիվանդության բարդություններն էին։

Ֆիշերը 2014-2017թթ. եղել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի փոխնախագահը, 2005-2013թթ.՝ Իսրայելի բանկի կառավարիչը, իսկ 1994-2001թթ.՝ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի առաջին տեղակալը: Ֆիշերը եղել է նաեւ Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետը եւ Citigroup Inc-ի տնօրենների խորհրդի փոխնախագահը։

Ֆիշերը դասավանդել է նաեւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT): Նրա ուսանողներից են եղել ԱՄՆ ֆինանսների նախկին նախարար Լարի Սամերսը, Դաշնային պահուստային համակարգի նախկին նախագահ Բեն Բերնանկեն, Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ եւ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին եւ Ճապոնիայի բանկի ներկայիս ղեկավար Կաձուո Ուեդան, գրել է The Wall Street Journal-ը։

Ֆիշերի ամենահայտնի աշխատություններից է «Մակրոէկոնոմիկա» դասագիրքը, որը նա հեղինակել է MIT գործընկեր Ռուդի Դորնբուշի հետ 1978թ.։ Գրքի տասներեքերորդ հրատարակությունը լույս է տեսել 2018թ.։

2017թ. սկզբին Դոնալդ Թրամփի առաջին ժամկետով նախագահ դառնալուց հետո Ֆիշերը զգուշացրել է նոր վարչակազմի կողմից 2008թ. ֆինանսական ճգնաժամից հետո սահմանված խիստ ֆինանսական կարգավորումների մեղմացման պլանավորված ռիսկերի մասին։ Նա նման փորձերը համարել է «չափազանց վտանգավոր եւ չափազանց կարճատես»։

«Տնտեսության իմ պատկերացումը ենթադրում է, որ ԱՄՆ-ը վոլատիլության խարիսխ է, այլ ոչ թե աղբյուր»,- ասել էր Ֆիշերն այն ժամանակ:

Նա թողել է ԴՊՀ փոխնախագահի իր պաշտոնը 2017թ. վերջին՝ նախատեսված ժամկետից վեց ամիս շուտ, Թրամփին ուղղված նամակում դա բացատրելով «անձնական պատճառներով»։