Վերլուծաբանների մեծ մասն այն կարծիքին է, որ ոսկին 2012 թ. կթանկանա: Այս կանխատեսումները հնչում են այն բանից հետո, երբ 2011-ի տարեւերջում ոսկին զգալիորեն կորցրեց գնի մեջ: Դեկտեմբերին ոսկու 1 տրոյական ունցիան (31.1 գրամ) գնահատվում էր 1500-1600 դոլարի սահմաններում, այնինչ սեպտեմբերին գերազանցում էր 1920 դոլարը:

Հունվարի առաջին շաբաթվա գործարքների արդյունքում ոսկու գինը աճի միտում է դրսեւորում եւ կայուն գերազանցում է 1600 դոլարի սահմանագիծը: Macquarie-ի վերլուծաբան Հայդեն Էտկինսի գնահատմամբ` ոսկին տարեւերջում էժանանում էր իրացվելիության նվազման (այսինքն` ոսկու պաշարները վաճառվում էին կանխիկ փողի պակասը լրացնելու նպատակով) եւ շահույթների ֆիքսման հետեւանքով (ոսկին չի համարվում շահութաբեր ակտիվ): Այս գործոնները, ըստ վերլուծաբանի, 2012-ին կթուլանան, հետեւաբար` ոսկու նկատմամբ պահանջարկը կաճի:

Ենթադրվում է նաեւ, որ առաջիկայում ոսկին կթանկանա նաեւ հնդկական շուկայի իրավիճակի փոփոխման հետեւանքով: Հնդկաստանի բնակիչները աշխարհում ամենաշատն են ոսկի գնում, ու շուտով այդ երկրում սկսվում է հարսանիքային սեզոնը: Դրա հետ կապված` շատ հնդիկներ այսօր ոսկի են գնում, քանի որ այն էժանացել է: