Հունվարի 9-ին ինքնահրկիզված Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի Րաֆֆիի փողոցի թիվ 8 տան բնակչուհի` 55-ամյա Սիլվա Բաղդասարյանը 4 տարի է, ինչ տառապել է հոգեկան հիվանդությամբ: Սակայն մինչ այդ ինքնահրկիզման փորձեր չի արել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Տարոնիկ գյուղի գյուղապետ Ալբերտ Խաչատրյանը:

55-ամյա կինն ամուսնացած է եղել եւ ունի երկու երեխա: Ամուսինը ավելի վաղ է մահացել: Գյուղապետի փոխանցմամբ, նրա զավակների տարիքը 30-ին մոտ է, նրանք աշխատում են եւ ըստ պահանջի պահում ընտանիքը: Այսինքն` սոցիալական խնդիրներ չեն ունեցել:

Գյուղապետն անգամ նկատեց, որ իրենից էլ լավ են ապրում, սակայն, իրեն անհայտ պատճառներով 4 տարի առաջ Սիլվա Բաղդասարյանը սկսել է տառապել հոգեկան հիվանդությամբ, ինչ արդյունքում դիմել է այդ քայլին:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքից հունվարի 10-ին տեղեկություն է ստացվել քաղաքացու ինքնահրկիզման մասին: Ինչպես NEWS.am-ին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, պարզվել է, որ Տարոնիկ գյուղի Րաֆֆիի փողոցի թիվ 8 տան բնակչուհի` 55-ամյա Սիլվա Բաղդասարյանը դեռեւս չպարզված հանգամանքներում լուցկիով հրկիզել է հագուստը: Ստանալով մարմնի մոտ 90%-ի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ աստիճանի այրվածքներ` տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնի այրվածքների բաժանմունք, որտեղ մահացել է: