Ամերիկացի պաշտոնյաները սպասում են, որ Ռուսաստանը լուրջ հարվածներ կհասցնի Ուկրաինային՝ ի պատասխան ռազմական օդանավակայանների վրա հարձակման, հաղորդել է New York Times-ը: ԱՄՆ հետախուզությունը դեռեւս չի նշել հնարավոր թիրախները, սակայն թերթի աղբյուրները կարծում են, որ Ռուսաստանը կարող է վերսկսել անօդաչու թռչող սարքերի գրոհները քաղաքացիական թիրախների վրա, հարվածել էներգետիկ օբյեկտներին կամ արձակել միջին հեռահարության հրթիռներ:

Պաշտոնյաները, որոնց հետ զրուցել է NYT-ը, նաեւ ներկայացրել են հնարավոր պատճառները, թե ինչու Կիեւը Վաշինգտոնին չի ներկայացրել իր «Սարդոստայն» գործողության պլանը։

Օրինակ, Signal չաթից հութիների դեմ ամերիկյան հարվածների մասին տեղեկատվության արտահոսքը խաթարել է ԱՄՆ օպերատիվ անվտանգության նկատմամբ վստահությունը։

Մեկ այլ պատճառ էլ այն է, որ ռուսական ռազմավարական ռմբակոծիչները, որոնք կարող են միջուկային զենք կրել, ԱՄՆ-ի համար անհասանելի թիրախ են։ Ուկրաինացիները ամերիկացիներին չեն պատմել իրենց ծրագրերի մասին, քանի որ գիտեին, որ ԱՄՆդեմ կլինի դրան։

ՆԱՏՕ եվրոպական երկրներից մեկի աղբյուրը NYT-ին հայտնել է, որ ռուսական օդանավակայանների վրա Ուկրաինայի գրոհն արդեն դաշնակիցներին դրդել է վերանայել իրենց խոցելիությունները։

Այդ գրոհը պետք է նաեւ դրդի ԱՄՆ-ին վերանայել «Ոսկե գմբեթ» հայեցակարգը, քանի որ Դոնալդ Թրամփի ներկայիս հակահրթիռային պաշտպանության ծրագիրն անկարող է պաշտպանել նման հարվածներից, գրել է թերթը։