200-ամյա դեկորատիվ պահպանակը՝ Պետական թանգարանի (Rijksmuseum) արվեստի հավաքածուն համալրած 19-րդ դարի «շքեղ հուշանվեր» առաջին հակաբեղմնավորիչը կցուցադրվի այս շաբաթ Ամստերդամում՝ հոլանդական ոսկեդարի վարպետների ցուցահանդեսում, գրում է The Guardian-ը։
Ենթադրվում է, որ պահպանակը, որը, հավանաբար, պատրաստվել է ոչխարի ելունդից մոտ 1830 թվականին, գնվել է Ֆրանսիայի, ամենայն հավանականությամբ՝ Փարիզի հասարակաց տներից մեկից։ Պահպանակին էրոտիկ փորագրություն կա՝ երեք հոգևորականների գրգռված սեռական օրգաններին մատնացույց անող կիսամերկ միանձնուհու պատկերով, ինչպես նաև «Voila, mon choix» («Այ, սա իմ ընտրությունն է») արտահայտությունը։
Պետական թանգարանի համակարգող Ջոյս Զելենը հայտարարել է, որ կոմպոզիցիան միտումնավոր հղում է կատարում Հոմերոսի «Իլիական» դյուցազներգության հերոս Պարիսի դատավարության մասին հունական առասպելին, որի ընթացքում տրոյացի արքայազնին խնդրում են ընտրել երեք աստվածուհիներից ամենագեղեցիկին։
«Հենց այդ պատճառով էլ կարծում ենք, որ պահպանակը գնած անձը բավականին փորձառու և լավ կրթություն ստացած մարդ է եղել», -նշել է նա:
Անցյալ տարվա նոյեմբերին Հառլեմում անցկացված աճուրդում 1000 եվրոյով գնված հակաբեղմնավորիչ միջոցն այս շաբաթ ցուցադրվել է ապակե ցուցափեղկում՝ իբրև Պետական թանգարանի «Անվտանգ սե՞քս» խորագրով փոքր ցուցահանդեսի կենտրոնական զարդ, որը ներկայացնում է հոլանդական և ֆրանսիական փորագրություններ և նկարներ՝ սեռական բիզնեսի և սեռական առողջության թեմաներով:
Մինչև 1839 թվականին վուլկանացված կաուչուկի գյուտը, որը դրանք ավելի անվտանգ և մատչելի դարձրեց, պահպանակները պատրաստվում էին վուշից, կենդանիների կաշվից և նույնիսկ կրիաների պատյաններից։
Դրանք սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից, մասնավորապես սիֆիլիսից առանձնապես չէին պաշտպանում, ինչպես նաև չէին կանխում հղիությունը։




























