Մի քանի ռուսական թելեգրամ-ալիքներ երեքշաբթի հաղորդել են Մոսկվայի կենտրոնում, Յարոսլավսկի երկաթուղային կայարանի մոտակայքում, տղամարդու առեւանգման մասին, որն օգնության է կանչել անցորդներին եւ խնդրել նրանց ոստիկանություն կանչել։

Առեւանգվածը, ենթադրաբար, հայ գործարար Արեգ Շչեպիխինն է, գրել է ASTRA-ն։

Մի շարք առցանց պարբերականներ, այդ թվում՝ Baza-ն, գրել են, որ առեւանգված անձին Մոսկվայի կենտրոնից տարել են թարթող լույսով մեքենայի բեռնախցիկում։ SOTA-ն նշել է, որ մեքենան ունեցել է Պահպանության դաշնային ծառայությունում գրանցված համարանիշ։

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, հայտնել է ներքին գործերի նախարարության Կենտրոնական դաշնային օկրուգի տրանսպորտի վարչությունը։ Վարչությունը հայտնել է, որ սոցիալական ցանցերի մոնիթորինգի ընթացքում «հայտնաբերվել է Յարոսլավսկի երկաթուղային կայարանում անձի նկատմամբ անօրինական գործողությունների մասին հրապարակում»։

Միջադեպի տեսանյութը հրապարակվել է Baza եւ 112 թելեգրամ-ալիքներով։ Կադրերում երեւում է, թե ինչպես են տղամարդուն ձեռքերից ու ոտքերից բռնած քարշ տալիս կայարանի շենքով եւ խցկում թարթող լույսով եւ АМР համարանիշներով մեքենայի բեռնախցիկում։

Այդ պահին տղամարդը օգնություն է կանչում եւ գոռում. «Սա ոստիկանությունը չէ»։

Baza-ի տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցները փորձել են կանգնեցնել մեքենան Սկոլկովո շրջանում, բայց անհաջող։

Ավելի ուշ ալիքը, հղում կատարելով ականատեսներին, տեղեկացրել է, որ մեքենան կանգնեցրել են Կիեւյան խճուղու շրջանում։ Արդյո՞ք Շչեպիխինը մեքենայում է եղել՝ հայտնի չէ։ Մեքենան կանգնեցնելու մասին տեղեկացրել է նաեւ РЕН ТВ-ի աղբյուրը։