ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները մտավախություն ունեն, որ ամենավատ սցենարի դեպքում ԱՄՆ-ը կարող է ամբողջությամբ դադարեցնել Ուկրաինային աջակցությունը, այդ թվում՝ հետախուզական տվյալների փոխանակումը, եւ արգելել եվրոպական երկրներին ամերիկյան զենք փոխանցել Կիեւին, հաղորդել է Financial Times-ը (FT):
Եվրամիությունը ներկայում բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ միաժամանակ երեք հիմնական հարցերի շուրջ՝ առեւտրային վեճ, ՆԱՏՕ ռազմական ծախսեր եւ ուկրաինական ճգնաժամ։ ԵՄ-ը վախենում է, որ ԱՄՆ-ը կարող է ստիպել Բրյուսելին զիջումների գնալ այս հարցերից մեկում՝ մյուս հարցի շուրջ զիջումների դիմաց։
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են այս հարցերից յուրաքանչյուրի համար ամենավատ սցենարները, այդ թվում՝ այն մտահոգությունները, որ Վաշինգտոնը կարող է ամբողջությամբ դադարեցնել Կիեւին աջակցությունը, հետախուզական տվյալների փոխանակումը եւ կանխել եվրոպական երկրների կողմից Միացյալ Նահանգներից գնված զենքի փոխանցումն Ուկրաինային։ Առեւտրային բանակցությունները կարող են հանգեցնել լիարժեք առեւտրային պատերազմի՝ «տնտեսական աճի համար ցավոտ հետեւանքներով», մինչդեռ ՆԱՏՕ ռազմական ծախսերի բեռի բաշխման շուրջ անհամաձայնությունները կարող են հանգեցնել ԱՄՆ զորքերի եւ զենքի արագ դուրսբերմանը Եվրոպայից: «Առեւտրի, պաշտպանության եւ Ուկրաինայի հարցում [ԵՄ-ի համար] ընտրությունը վատ եւ շատ վատ արդյունքի միջեւ է»,- թերթին ասել է անունը չնշած ԵՄ պաշտոնյան:
Իրավիճակի բարդությունն ընդունում է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության նախկին բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Այս բոլոր ճգնաժամերը, ամեն ինչ [տեղի է ունենում] միաժամանակ՝ սա կատարյալ փոթորիկ է։ Նա (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը- ՏԱՍՍ) կարող է փորձել ճնշում գործադրել մեզ վրա եւ կարող է մեզ անկյուն մղել բոլոր երեք հարցերում [Ուկրաինա, առեւտուր եւ ՆԱՏՕ]։ Օրինակ, նա կարող է մեզ ասել. եթե դուք ինձ լավ առեւտրային գործարք չառաջարկեք, ապա մենք չենք աջակցի Ուկրաինային։ Կամ՝ եթե դուք պնդեք, որ ես աջակցեմ Ուկրաինային, ապա մենք կավելացնենք [ՆԱՏՕ-ում ձեր ռազմական ծախսերը մեծացնելու] նոր պահանջներ»,- ասել է Բորելը Financial Times թերթի հարցազրույցում։





























