Նոր տարում լույս աշխարհ եկած փոքրիկների մեջ գերակշռում են տղաները նաեւ Շիրակի մարզում: Առաջին ծնունդը 2012թ-ին գրանցվել է Ամանորի գիշերը` ժամը 00:15-ին: Նա դարձյալ տղա է եղել, Գյումրիի բնակիչ:
Մինչեւ այսօր Գյումրիում գրանցվել է 36 ծնունդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պակաս է: Նախորդ տարի այս օրերին Գյումրիի ծնդատան ծնունդների թիվն անցնում էր 40-ից:
2011թ-ին եւս 2010-ի համեմատ Շիրակի մարզում ծնունդների նվազում է գրանցվել շուրջ 170-ով: Ոլորտի մասնագետները սա բացատրում են առաջին հերթին արտագաղթի գործոնով, բացի այդ փոխվել է ընտանիքի մոդելը: Երեւանում հիմա ավելի շատ ունենում են մեկ, Շիրակի մարզում երկու երեխա, երրորդն ունենում են ավելի շատ սեռը պարզելուց հետո, երբ իմանում են, որ տղա է:
Ըստ մասնագետների՝ սրանով է պայմանավորված նաեւ այն, որ վերջին շրջանում ավելի շատ տղաներ են ծնվում, քան աղջիկներ:




























