Նյու Հեմփշիր նահանգի «փրայմերիզ» կոչված ընտրություններում Հանրապետական կուսակցությունից հաղթել է Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին: Նրան իբրեւ Մեծ հին կուսակցության թեկնածու է ցանկացել տեսնել քվեարկողների 37%-ը:
Երկրորդ տեղում թեքսասցի կորգրեսական, լիբերալ Ռոն Փոլն է, որը 24% ձայն է հավաքել: Երրորդ հորիզոնականը բաժին է հասել Յութա նահանգի նախկին նահանգապետ Ջոն Հանթսմենին, նրա թեկնածության համար քվեարկել է ընտրողների 17%-ը:
Առաջատարների եռյակում չեն ընդգրկվել Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը եւ Փենսիլվանիա նահանգի նախկին սենատոր Ռիկ Սանտորումը, որոնք երկուսն էլ 10% են հավաքել:
Թեքսասի նահանգապետ Ռիկ Փերին վերջին տեղն է զբաղեցնում: Նրա համար քվեարկել էր ընտրազանգվածի 1 %ը, հայտնում է rbc-ն:
Դեմոկրատները նախապես որոշել էին նախագահի իրենց միասնական թեկնածուին: Դա գործող նախագահ Բարաք Օբաման է, որը մտադիր է Սպիտակ Տանն անցկացնել եւս մեկ ժամկետ:
Հիշեցնենք, որ հանրապետականների առաջին ներկուսակցական քվեարկությունն արդեն կայացել էր հունվարի 4-ին Այհովա նահանգում: Այնտեղ նույնպես Մ. Ռոմնին զբաղեցրել է առաջին տեղը` Ռ. Սանտորումի նկատմամբ չնչին առավելությամբ:



























