ԱՄՆ ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարձակվել է Պակիստանում տեղակայված գրոհայինների ճամբարի վրա:
Ամերիկյան հրամանատարության հայտարարության համաձայն` գործողությունների արդյունքում չորս գրոհային է ոչնչացվել, գրում է France 24-ը:
Գործողություններն իրականացվել են Միրանշահ արվարձանում` Հյուսիսային Վազիրիստան նահանգում: Ականատեսները հաղորդում են, որ հրթիռներն ընկել են տներից մեկի վրա: Շինությունում ուժեղ հրդեհ է բռնկվել, որի ծուխը տեսանելի է եղել հեռու տարածությունից:
Պակիստանի արձագանքն առայժմ հայտնի չէ, զոհվածների ինքնությունը եւս անհայտ է:
Ամերիկյան զինծառայողների կողմից կատարված այս գործողությունն առաջինն էր 2011թ. նոյեմբերից հետո, երբ ՆԱՏՕ-ի ուժերը պակիստանյան սահմանապահների վրա էին գրոհել: Հիշեցնենք, այդ ժամանակ 26 պակիստանցի զինվոր էր զոհվել:




























