ԿԺԴՀ-ն կշարունակի աջակցել Ռուսաստանի Դաշնությանը, այդ թվում՝ Ուկրաինայի պատերազմում։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի բռնապետ Կիմ Չեն Ընը Փհենյանում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ։ «ԿԺԴՀ կառավարությունը կշարունակի անվերապահորեն աջակցել Ռուսաստանի դիրքորոշմանը և արտաքին քաղաքականությանը բոլոր լուրջ միջազգային քաղաքական հարցերում, առաջին հերթին՝ Ուկրաինայի շուրջ», - ասվում է հյուսիսկորեական KCNA լրատվական գործակալության չորեքշաբթի՝ հունիսի 4-ի հայտարարության մեջ։ Խոսելով Ուկրաինայում պատերազմի մասին՝ Կիմը մաղթել է, որ Ռուսաստանը «շարունակի անպայման հաղթանակ տանել արդար սրբազան գործում», հաղորդում է KCNA-ն։
Ե՛վ KCNA-ի տեքստում, և՛ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ Կիմը և Շոյգուն քննարկել են Կուրսկի շրջանում տեղի ունեցած մարտերը, որտեղ հյուսիսկորեացի զինվորները կռվել են Ուկրաինայի զինված ուժերի դեմ։ Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը հաղորդում է, որ քննարկվել է «կորեացի զինվորների սխրանքների հիշատակը հավերժացնելու» հարցը։
Փհենյանը խոսել է «կորեական ժողովրդի լավագույն որդիների անհամեմատելի քաջության և նվիրվածության մասին, ովքեր ուս-ուսի կռվել են ռուս զինվորների հետ նույն խրամատում՝ Կուրսկի շրջանի ազատագրման գործողության ժամանակ և պաշտպանել են ռուսական տարածքի արժեքավոր մասը որպես իրենց հայրենիք»։
KCNA-ն և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը հղում են կատարում Մոսկվայի և Փհենյանի միջև ռազմավարական համագործակցության մասին պայմանագրին, որը ստորագրվել է ԿԺԴՀ մայրաքաղաքում՝ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ՝ 2024 թվականի հունիսի 19-ին։ Այն նախատեսում է ռազմական և այլ օգնություն մեկ երկրից մյուսին, եթե որևէ մեկը ենթարկվի զինված հարձակման։
2024 թվականի աշնանը ԿԺԴՀ զինծառայողները ժամանել են Կուրսկի շրջան, որտեղ մասնակցել են Ուկրաինայի զինված ուժերի դեմ մարտերին։ Սկզբում Ռուսաստանի իշխանությունները հերքել են նրանց ներկայությունը։ 2025 թվականի ապրիլին դա ընդունել են Ռուսաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները, ապա՝ ինքը՝ Պուտինը։ Միևնույն ժամանակ, Փհենյանը հայտարարել է այս գործողության «հաղթական ավարտի» մասին։
Սերգեյ Շոյգուն արդեն այցելել էր Փհենյան 2023 թվականի հուլիսին, երբ զբաղեցնում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը։ Մասնագետները ենթադրում էին, որ արդեն այդ ժամանակ կողմերը սկսել էին քննարկել Փհենյանի աջակցությունը Մոսկվային Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիայում։





























