Լաֆբորոյի համալսարանի ֆիզիկոսների համոզմամբ իրենք նանոտեխնոլոգիայի միջոցով ստեղծել են աշխարհի ամենափոքր ջութակը, հաղորդում է BBC News-ը։
Նրանք նշել են, որ մարդու մազի հաստությունից բարակ փոքրիկ սարքի վրա աշխատանքը կարող է օգնել մի շարք ոլորտներում հետազոտություններին՝ համակարգիչներն ավելի արդյունավետ դարձնելուց մինչև էներգիա արտադրելու նոր եղանակների որոնումը:
Ջութակի չափսերն են՝ 35 միկրոն երկարություն և 13 միկրոն լայնություն, որտեղ միկրոնը մետրի մեկ միլիոներորդ մասն է։ Համեմատության համար նշենք, որ մարդու մազի տրամագիծը սովորաբար տատանվում է 17-ից մինչև 180 միկրոն։
Ջութակն ավելի շատ մանրադիտակային պատկեր է, քան նվագելու համար նախատեսված գործիք, և պաշտոնապես չի ճանաչվել որպես աշխարհի ամենափոքր ջութակը, հայտնել են համալսարանում։ Պրոֆեսոր Մորիսոնին դրա ստեղծմանը միացել են դոկտոր Նաեմի Լեոն և հետազոտությունների տեխնիկական պատասխանատու դոկտոր Արթուր Քովենին։
Փոքրիկ չիպը պատվել է գելանման նյութի երկու շերտով, նախքան այն NanoFrazor նանո-հղկող մեքենայի տակ տեղադրելը։ Սարքն օգտագործում է ջերմային սկանավորող զոնդային լիտոգրաֆիա, մի տեխնոլոգիա, որի դեպքում տաքացվող, ասեղանման ծայրը նանոմասշտաբով բարձր ճշգրտությամբ նախշեր«է գրում»։ Դա հնարավորություն տվեց ջութակի նախշը փորագրել չիպի մակերեսային շերտի վրա։
Նանոլիտոգրաֆիկ համակարգի միջոցով ջութակը ստեղծելու համար պահանջվել է մոտ երեք ժամ, սակայն վերջնական տարբերակը ստեղծելու համար հետազոտական խմբին պահանջվել է մի քանի ամիս, քանի որ նրանք կատարելագործել և տարբեր եղանակներ են փորձարկել։





























