ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում Սերբիայի և Բալկանյան այլ երկրների վրա՝ Միացյալ Նահանգներից արտաքսված ներգաղթյալներին ընդունելու համար, հաղորդում է Bloomberg գործակալությունը։
Տարածաշրջանի երկրներին ուղղված հարցումները Միացյալ Նահանգների ավելի լայն ռազմավարության մի մասն են՝ գտնելու համար արտասահմանյան կառավարություններ, որոնք պատրաստ են ընդունել արտաքսված ներգաղթյալներին, հաղորդում է Bloomberg-ը՝ վկաակոչելով խնդրին ծանոթ անձանց։
Անցյալ ամիս ԱՄՆ Գերագույն դատարանը Թրամփի վարչակազմին թույլ տվեց չեղյալ համարել Միացյալ Նահանգներում բնակվող հարյուր հազարավոր վենեսուելացի, կուբացի, հայիթցի և նիկարագուացի ներգաղթյալների ժամանակավոր իրավական կարգավիճակը՝ խթանելով հանրապետական նախագահի ջանքերը՝ արագացնելու արտաքսումները։ Թրամփի վարչակազմը փնտրում է հնարավոր ուղղություններ այն ներգաղթյալների համար, որոնք որոշման արդյունքում կարող են արտաքսվել, նշված է Bloomberg-ի հոդվածում:





























