ԱՄՆ-ում քուրդ, հույն եւ հայ առաջնորդները հունվարի 10-ին համատեղ կոչ են արել Կոնգրեսի անդամներին` պահանջել Օբամայի վարչակազմից ուսումնասիրել, թե արդյոք Թուրքիան խախտե՞լ է ամերիկյան զենքի արտահանման վերաբերյալ օրենսդրությունը` օգտագործելով ամերիկացիների կողմից մատակարարվող զենքը 2011-ի դեկտեմբերի 28-ին քրդերին հասցված ավիացիոն հարվածների ժամանակ, որի հետեւանքով թուրք-իրաքյան սահմանին զոհվել են 35 քրդեր: Այդ մասին հաղորդում է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Համատեղ նամակում նշված է, որ մամուլը` Associated Press, Economist, Boston Globe, «Ազատ Եվրոպա» ռադիոկայանը եւ այլ լրատվամիջոցներ հաղորդել են, որ հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի կողմից մատակարարված F-16-ի միջոցով: Նրանք շեշտել են. «Այդ տեղատվության լուսաբանման ներքո, հաշվի առնելով նաեւ մարդկային մեծաթիվ կորուստները` մենք կոչ ենք անում, որ վարչակազմը ուսումնասիրի այդ հարցը»: