Թուրքմենիայի Ազգային ժողովը «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենք է ընդունել, որը որոշակիացնում է կուսակցությունների ստեղծման պայմանները եւ կարգավորում նրանց հարաբերությունները պետության հետ:
Այս պահին հանրապետությունում գործում է միայն մեկ կուսակցություն` Թուրքմենիայի դեմոկրատական կուսակցությունը: Այն ստեղծվել է 1991 թվականին Թուրքմենիայի Խորհրդային հանրապետության կոմունիստական կուսակցության հիմքի վրա: Նրա անփոփոխ առաջնորդն ավելի քան 15 տարի եղել է հանրապետության նախագահը` Սապարմուրադ Նիյազովը, ով թուրքմենական ԽՍՀ-ի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարն է եղել:
Նիյազովի մահից հետո կուսակցության առաջնորդ է դարձել նոր նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Նոր նախագահը բազմիցս հայտարարել է երկրում նոր կուսակցությունների ստեղծման հնարավորության մասին, սակայն, չնայած այդ հայտարարություններին, Բերդիմուհամեդովի կուսակցությունը եղել եւ մնում է երկրի միակ կուսակցությունը: Հերթական անգամ այդ թեման Բերդիմուհամեդովը շոշափել է օրերս` նախընտրական ելույթով դիմելով ժողովրդին:
Հանրապետության ղեկավարը հայտարարել է, որ կողմ է նոր կուսակցությունների ստեղծմանը` միաժամանակ նշելով. «Մեզ պետք են նոր կուսակցություններ, որոնք մարդկանց կմղեն ստեղծարար աշխատանքի` հանուն մեր Հայրենիքի հետագա բարգավաճման»:




























