Արևմտյան երկրները նախատեսում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) նիստում ներկայացնել մի բանաձև, որը «կպարզի, որ Իրանը 20 տարվա ընթացքում առաջին անգամ չի կատարում իր երաշխիքային պարտավորությունները», հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով մի արևմտյան դիվանագետի։

Այս քայլը տեղի է ունենում Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային բանակցությունների պայմաններում։

Վաշինգտոնից վերջնական հավանություն ստանալուց հետո այսօր հրապարակվեց Միացյալ Նահանգների և «Եվրո-3»-ի՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի՝ միասին ներկայացված բանաձևի նախագիծը։

Ըստ Associated Press-ի՝ բանաձևի նախագծում ասվում է, որ Իրանը Գործակալության հետ լիարժեք և ժամանակին համագործակցություն ապահովելու՝ Անվտանգության մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չի կատարել 2019 թվականից ի վեր՝ չհայտարարագրված միջուկային նյութերի և երկրում՝ բազմաթիվ չհայտարարագրված վայրերում գործունեության վերաբերյալ...

Բացի դրանից, բանաձևի նախագծում նշվում է, որ ԱԷՄԳ -ի կողմից Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթի երաշխիքներ չտրամադրելը բարձրացնում է հարցեր, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հիմնական պատասխանատվություն կրող մարմնի իրավասության ներքո են։

Փաստաթղթում ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին խնդրում են շարունակել ջանքերը՝ այս և նախորդ բանաձևերը կյանքի կոչելու համար և զեկուցել այս հարցերի վերաբերյալ հետագա զարգացումների մասին։ Նախագծի տեքստը կարող է փոփոխվել մինչև դրա պաշտոնական ներկայացումը, քանի որ խորհրդի անդամները փոփոխություններ առաջարկելու հնարավորություն ունեն։