Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին քննադատել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղի ձերբակալությունը` պնդելով, թե չի կարելի զինված ուժերի ճակատագիրը թողնել մի քանի դատավորների որոշմանը:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ`  թուրք կուսակցապետը նշել է, թե շատ տգեղ է, երբ ամբողջ զինված ուժերին ներկայացնում են ինչպես ռազմական հեղաշրջման փորձ անող: «Թուրքիայի զինված ուժերի գագաթին հասած անձին ձերբակալում են ահաբեկչական կառույց ստեղծելու եւ ղեկավարելու մեղադրանքով: Եթե գլխավոր շտաբի պետը ահաբեկչական կառույցի ղեկավար էր, իսկ որտե՞ղ են նրա զինյալները: Եթե Բաշբուղը ահաբեկիչ է, իսկ ո՞վ է Իմրալը կղզում բանտարկվածը (խոսքը PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մասին է-խմբ):  Հաղթանակի օրը Թուրքիայի նախագահը չէր նկատո՞ւմ, որ ի դեմս բարձրաստիճան զինվորականների սեղմում է ահաբեկիչների ձեռքը»,-ասել է Դեւլեթ Բահչելին:

Նշենք, որ հունվարի 5-ին Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը կալանվել է «Ինտերնետ հուշագիր» գործի շրջանակներում: Նա մեղադրվում է Թուրքիայի հանրապետության կառավարությունը վերացնելու կամ կառավարության աշխատանքները մասնակիորեն կամ լիովին արգելակելու մեջ:

«Ինտերնետ հուշագիրն» իրենից ներկայացրել է  կայքերի ստեղծում, որոնց միջոցով ԶՈՒ գլխավոր շտաբը պետք է վարկաբեկեր իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանն ու ոչ մահմեդականններին։