Բանգլադեշն ընտրություններ կանցկացնի 2026 թվականի ապրիլի սկզբին՝ անցյալ տարի զանգվածային ապստամբության հետևանքով կառավարության տապալումից հետո առաջին անգամ, ուրբաթ օրը հայտարարել է երկրի ժամանակավոր առաջնորդ Մուհամմադ Յունուսը, հայտնում է AFP-ն։

Շուրջ 170 միլիոն բնակչություն ունեցող հարավասիական այս երկիրը քաղաքական ցնցումների մեջ է այն պահից, երբ 2024 թվականի օգոստոսին ուսանողական ապստամբության հետևանքով տապալվեց նախկին վարչապետ Շեյխ Հասինան՝ վերջ դնելով նրա 15-ամյա երկաթյա բռունցքով կառավարմանը։

«Ես երկրի քաղաքացիներին հայտարարում եմ, որ ընտրությունները կկայանան 2026 թվականի ապրիլի առաջին կեսի ցանկացած օրը», - հայտարարել է Յունուսը՝ 84-ամյա խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը, որը գլխավորում է ժամանակավոր կառավարությունը։

Իշխանության համար պայքարող քաղաքական կուսակցությունները Յունուսից բազմիցս պահանջել են ընտրությունների ժամկետներ նշանակել, մինչդեռ նա հայտարարել է, որ ժամանակ է անհրաժեշտ, քանի որ Հասինայի իշխանության գալուց հետո երկրում պահանջվում է ժողովրդավարական ինստիտուտների վերակառուցում։

«Կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի ստեղծի ընտրությունների անցկացմանը նպաստող պայմաններ», - հավելել է նա հեռուստաուղերձի ընթացքում՝ կրկնելով բարեփոխումների անհրաժեշտության մասին իր նախազգուշացումը։

«Հարկ է հիշել, որ Բանգլադեշը խորը ճգնաժամի մեջ է հայտնվում ամեն անգամ, երբ երկրում անցկացվում են ոչ կոռեկտ ընտրություններ, - ասել է նա իր ելույթում, որն արվել է Իդ ալ-Ադհա տոնի նախօրեին այն երկրում, որտեղ բնակչության մեծամասնությունը մահմեդական է։ - Անցյալում քաղաքական կուսակցությունը բռնազավթել է իշխանությունը նման ընտրությունների արդյունքում և վերածվել բարբարոսական ֆաշիստական ուժի»։

Հասինայի կառավարումն ուղեկցվել է մարդու իրավունքների զանգվածային խախտումներով, և նրան մեղադրել են դատարանների ու պետական ծառայության քաղաքականացման, ինչպես նաև միակողմանի ընտրությունների անցկացման մեջ։