150 հազար ռուբլի կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՌԴ Ռոստովի մարզի ֆիզկուլտուրայի և սպորտի հարցերով նախկին փոխնախարար Սվետլանա Գադարովայի գործն ուղարկվել է դատարան, նրա հետ կնքվել է համագործակցության մասին մինչդատական համաձայնագիր, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով մարզի դատախազության մամուլի ծառայությանը։
«Ռոստովի մարզի դատախազությունը հաստատել է մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով նախկին փոխնախարարի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը։ Նա մեղադրվում է ՌԴ ՔՕ 290-րդ հոդվածի 3-րդ մասով (կաշառք ստանալը) նախատեսված հանցագործություն կատարելու մեջ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ քննության վարկածի, 2023 թվականին Գադարովան 150 հազար ռուբլի կաշառք է ստացել առևտրային կազմակերպության ներկայացուցչից, որը սպորտային միջոցառումների անցկացման ծառայություններ է մատուցել։
Դրա դիմաց նա ձեռնամուխ է եղել օգնելու իրեն ենթակա հիմնարկի հետ պետական պայմանագրի կնքմանը։ Նա նաև նպաստել է պայմանագրով փաստաթղթերի անխոչընդոտ ձևակերպմանը, այդ թվում՝ մատուցված ծառայությունների դիմաց վճարման՝ առանց դրանց որակի փաստացի ստուգման։
«Մեղադրյալը կնքել է համագործակցության մասին մինչդատական համաձայնագիր։ Քրեական գործն ուղարկվել է Դոնի Ռոստով քաղաքի Լենինյան շրջանային դատարան՝ ըստ էության քննության համար», - նշվում է հաղորդագրության մեջ։
2024 թվականի սեպտեմբերի 25-ին Գադարովան ձերբակալվել էր կոռուպցիոն հանցագործության կասկածանքով, ավելի ուշ Դոնի Ռոստովի դատարանը կալանավորելու որոշում է կայացրել։ Գործը հարուցվել էր ՌԴ ՔՕ 290-րդ հոդվածի 2-րդ մասով (զգալի չափով կաշառք ստանալը), քանի որ մեղսագրվում էր 80 հազար ռուբլու կաշառք։ Փետրվարին նա ազատվել է Ռոստովի մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով փոխնախարարի պաշտոնից՝ հունվարի վերջին աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ, РИА Новости-ին հայտնել էր մարզի կառավարության աղբյուրը։