Ֆրանսիական ավտոարդյունաբերական և պաշտպանական ձեռնարկությունները կսկսեն անօդաչու թռչող սարքերի արտադրությունն Ուկրաինայի տարածքում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնյուն՝ նախաձեռնությունը որակելով «անպարտելի գործընկերություն»։ Ըստ նախարարի, խոսքը ֆրանսիական առաջատար ավտոարտադրող ընկերություններից մեկի (նա նախընտրել է չբացահայտել անունը) և պաշտպանական ոլորտի փոքր կամ միջին մասնագիտացված ձեռնարկության միջև համագործակցության մասին է։ «Համատեղ ջանքերով նրանք արտադրական հզորություններ կստեղծեն Ուկրաինայում, որտեղ էլ կհավաքվեն դրոնները», - ասել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը (մեջբերումը՝ ըստ Le Monde-ի)։
Լեկորնյուն չի հստակեցրել անօդաչուների տեսակներն ու կոնկրետ նշանակությունը, սակայն ընդգծել է՝ արտադրանքի մի մասը կփոխանցվի ուկրաինացի զինվորականներին, մյուսը նախատեսված է հենց Ֆրանսիայում օգտագործելու համար։ Ըստ նրա, ֆրանսիական զորքերը կկարողանան կիրառել այդ դրոնները կանոնավոր զորավարժությունների ընթացքում, որոնք առավելագույնս մոտեցված կլինեն այն պայմաններին, որոնցում այսօր պատերազմում է Ուկրաինան։
Նախարարը հատուկ ընդգծել է, որ ուկրաինական գործարաններում կաշխատեն հենց ուկրաինացի մասնագետներ։ Նրա կարծիքով, երկիրը բարձր մակարդակի իրավասություն է ցուցաբերել դրոնների մշակման և դրանց կիրառման գործնական մոտեցումների ձևավորման հարցում․ «Ուկրաինացիները գերազանցում են մեզ ոչ միայն անօդաչուներ նախագծելու, այլև դրանց համար ժամանակակից մարտական դոկտրիններ մշակելու կարողությամբ», - նշել է նա։
Լեկորնյուի հայտարարությունը հնչել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ բանակցություններից անմիջապես հետո։ Հունիսի 5-ին կայացած նրանց հանդիպման ընթացքում քննարկվել է արդյունաբերական համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ Ուկրաինայի ԶՈւ կարիքների համար դրոնների արտադրությանը ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը։ «Մենք պատրաստ ենք այս հնարավորությունն ընձեռել լավագույն արտադրողներին։ Ուկրաինան ունի մարտական փորձ, Ֆրանսիան՝ հզոր արդյունաբերական բազա։ Սա փոխշահավետ և ռազմավարական գործընկերություն է», - ընդգծել է Ումերովը՝ շնորհակալություն հայտնելով Լեկորնյուին աջակցության համար։
Բացի անօդաչուներից, նախարարները քննարկել են նաև այլ տեսակի սպառազինությունների, այդ թվում՝ ՀՕՊ միջոցների համատեղ արտադրությունը։ Ենթադրվում է, որ հավաքումը կարող է իրականացվել ինչպես հենց Ուկրաինայում, այնպես էլ Ֆրանսիայի տարածքում։
Նույն օրը Ռուստեմ Ումերովը հանդիպում է ունեցել Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսի հետ։ Քննարկման կենտրոնում է եղել նաև արդյունաբերական համագործակցության զարգացումը՝ առաջին հերթին անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում։