Արդեն երրորդ օրն է, ինչ Ղազախստանի հարավում փորձում են վերամբարձ կռունկների օգնությամբ մարդաշատ ավտոմայրուղուց հեռացնել 205 տոննա բեռով Shacman խոշորագաբարիտ բեռնատարը, երթևեկությունն առայժմ իրականացվում է մեկ գոտիով։ Այս մասին հայտնել են «Казавтожол» ընկերությունում, որը հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների կառավարման ազգային օպերատորն է։
«Արդեն երրորդ օրն է, ինչ լայնածավալ աշխատանքներ են տարվում։ Դժվարությունների հիմնական պատճառներից մեկը խոշորագաբարիտ բեռն է, որը հատուկ տեխնիկայի կիրառում է պահանջում», - պարզաբանել են ընկերությունում։ Ըստ ընկերության, տրանսպորտի երթևեկությունն առայժմ իրականացվում է ռևերսիվ եղանակով՝ մեկ գոտիով։ «Աշխատանքների ընթացքը բարդանում է նրանով, որ տեղափոխվող բեռի քաշը կազմում է 205 տոննա։ Հետևանքների վերացման համար ներգրավված է 200, 100 և 50 տոննա բեռնամբարձությամբ չորս ավտոկռունկ», - ասվում է հաղորդագրության մեջ։ Ընկերությունում չեն հստակեցնում, թե ինչ բեռ է տեղափոխել մեքենան։
Ըստ ընկերության տեղեկատվության, հունիսի 4-ին Ղազախստանի հարավում վճարովի ավտոճանապարհին բեռնատարի արգելակները խափանվել են, ինչի հետևանքով այն «փակել է երթևեկելի մասը երկու ուղղություններով և վնասել 220 գծամետր ճանապարհային արգելապատնեշ»։
Նշվում է, որ «Казавтожол»-ը բեռնատարի երթևեկության թույլտվություն չի տվել, քանի որ դրա չափսերը գերազանցել են սահմանված նորմատիվները։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել «ՌԴ սահման (Ժայսան ՀԱԿ) - Մարտուկ - Ակտոբե (հյուսիսային շրջանցիկ) - Կարաբուտակ - Կիզիլորդա - Շիմքենտ (հյուսիսային շրջանցիկ) - Տարազ (շրջանցիկ ճանապարհ) - Կորդայ - Ալմա-Աթա - Խորգոս - Չինաստանի հետ սահման (Նուր Ժոլի ՀԱԿ)» ավտոճանապարհի 653-րդ կիլոմետրին։