ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի գործարար Իլոն Մասկից չի պահանջի վերադարձնել Սպիտակ տան խորհրդանշական ոսկե բանալին, որը նրան նվիրվել էր ամերիկյան կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման գերատեսչության (DOGE) համակարգողի պաշտոնում աշխատանքի համար։

«Ո՛չ [չեմ խնդրի], ես իրեր հետ չեմ վերցնում», - ասել է Թրամփը՝ իր ինքնաթիռում պատասխանելով Սպիտակ տան մամուլի խմբի լրագրողների հարցերին։ Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ այնքան զբաղված է «Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի հետ» կապված խնդիրներով, որ «չի մտածում Իլոն Մասկի մասին»։ «Ես պարզապես նրան ամենայն բարիք եմ մաղթում», - հավելել է նա։ Թրամփը նաև հայտնել է, որ հետաքրքրված չէ Մասկի հետ իրեն հաշտեցնելուն ուղղված ջանքերով։ «Ջանքեր գործադրվում են, բայց ինձ դա առանձնապես չի հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու անհրաժեշտությունը», - նշել է Սպիտակ տան տերը։

Թրամփը նշել է, որ Մասկի հեռանալը վարչակազմից չի հանգեցնի DOGE-ի փակմանը։ «Այդ [աշխատանքը] ամենևին էլ ավարտված չէ։ Այնտեղ աշխատող մարդկանցից շատերը մնում են։ Դա հիանալի է։ Մենք հարյուրավոր միլիարդ դոլարներ ենք խնայել», - ընդգծել է ամերիկացի առաջնորդը։

Հունիսի 5-ին Թրամփն ու Մասկը սոցցանցերում կտրուկ արտահայտություններ են փոխանակել։ Գործարարը հայտարարել է, որ առանց իր աջակցության Թրամփը չէր հաղթի 2024 թվականի նոյեմբերի ընտրություններում, հավանություն է տվել Թրամփին իմպիչմենտ հայտարարելու գաղափարին, քննադատել է Սպիտակ տան նախաձեռնած՝ պետական ծախսերի կրճատման մասին օրինագիծը և նախագահի սահմանած ներմուծման մաքսատուրքերը, ինչպես նաև 2025 թվականի երկրորդ կեսին ամերիկյան տնտեսության համար ռեցեսիա է կանխատեսել։ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Մասկը դադարել է բարեխղճորեն կատարել իր պարտականությունները, երբ համակարգում էր ամերիկյան կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման գերատեսչության (DOGE) աշխատանքը, և խելագարվել է։ Պետության ղեկավարը սպառնացել է խզել Մասկի ընկերությունների, այդ թվում՝ SpaceX-ի հետ պետական պայմանագրերը և չեղարկել բոլոր սուբսիդիաները։