Ուկրաինայի նախագահը ABC News-ին տված հարցազրույցում հայտնել է, որ «Սարդոստայն» գործողության մեջ օգտագործված ռուսաստանյան բեռնատարների վարորդները տեղյակ չեն եղել դրան իրենց մասնակցության մասին։

Ըստ նրա, նրանք չգիտեին, որ թափքերում թաքցված են եղել մարտական դրոններ, և «պարզապես կատարում էին իրենց հանձնարարված աշխատանքը»։

Ինչպես պատմել է Զելենսկին, դրոնները քողարկված են եղել բացվող տանիքով հատուկ կոնտեյներների մեջ։ Դիրքեր հասցնելուց հետո տանիքները հեռակառավարմամբ բացվել են, և անօդաչուները օդ են բարձրացել՝ հարվածներ հասցնելու համար։

Գործողության ընթացքում Ուկրաինան օգտագործել է միայն սեփական արտադրության զենք, ընդգծել է նա։