Հայաստանի կառավարության տնտեսական բլոկի չինովնիկները տարբեր ինդեքսների ձեռնածությամբ փորձում են ժողովրդին համոզել, թե գնաճի տեմպերը դանդաղել են: Սակայն նախորդ երկու տարիների գնաճը նախորդ տասնամյակի տնտեսական քաղաքականության օրինաչափ հետեւանքն էր: Արտաքին գործոններից բացի, հսկայական դեր խաղաց նույն տնտեսական բլոկի ձախողված գործունեությունը:

2010-ին սպառողական գների ինդեքսը 2009-ի համեմատ կազմեց 108,2 տոկոս, ինչը կայուն տնտեսություն ունեցող երկրի համար համարվում է բարձր:

2011-ին 2010-ի համեմատ, գնաճի տեմպը դանդաղել է ընդամենը 0,5 տոկոսով` կազմելով 107,7 տոկոս: Հետեւաբար` ոչ մի զգալի դրական տեղաշարժ չի եղել: Կյանքի թանկացումը նախորդ երկու տարիներին կազմել է 16,5 տոկոս:

Սպառողական գների ինդեքսն արտացոլում է 470 ապրանքների եւ ծառայությունների, այդ թվում ավտոմեքենաների եւ ձկնկիթի գների միջին դինամիկան:

2010-ին գնաճի տեմպով առանձնացել են ոչ պարենային ապրանքները` 109,6 տոկոս, իսկ պարենային ապրանքների գնաճը` 109,4 տոկոս: Ծառայությունները թանկացել են 6,8 տոկոս:

2011-ին ռեկորդային էր պարենային ապրանքների թանկացումը` 112,3 տոկոս: Ոչ պարենային ապրանքների գնաճի ինդեքսը 103,4 տոկոս էր:

Այսպիսով` աղքատների կյանքը թանկացել է ավելի սրընթաց, քանի որ անապահով ընտանիքների բյուջեի ծախսերի գերակշիռ մասն ուղղվում է պարենային ապրանքներին: Նախորդ երկու տարիներին պարենային ապրանքների գները բարձրացել են 22,9 տոկոս:

Իսկ պաշտոնական վիճակագրությամբ` Հայաստանում աղքատ է համարվում մեկ միլիոն մարդ: