ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուշագիր է ստորագրել 2000 կալիֆոռնիացի ազգային գվարդիականների դաշնայնացման մասին, որպեսզի պայքար տարվի Լոս Անջելեսում «այն անօրինականության, որին թույլ է տրվել ծաղկել», հայտարարել են Սպիտակ տանը։

Մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը NBC News-ին հայտնել է, որ նախագահը կարող է «կանչել» գվարդիականներին, որոնք հակառակ դեպքում կենթարկվեին նահանգի նահանգապետին։

Ըստ նրա, Թրամփն իրավունք ունի դա անել սահմանափակ հանգամանքներում։

«Այս գործողություններն անհրաժեշտ են՝ կանխելու և հետ մղելու անօրինական հանցագործների ներխուժումը Միացյալ Նահանգներ», - ասել է Լիվիթը։

Հուշագրի տեքստից բխում է, որ ԱՄՆ վարչակազմը ձգտում է առնվազն 2000 գվարդիականի ուղարկել 60 օրով կամ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի կողմից որոշված ժամանակահատվածով։

«Հեգսեթը կարող է անհրաժեշտության դեպքում ներգրավել կանոնավոր Զինված ուժերի ցանկացած այլ զինծառայողի՝ դաշնային գործառույթների և սեփականության պաշտպանությունն ուժեղացնելու և աջակցելու համար՝ ցանկացած քանակով, որը նա իր հայեցողությամբ նպատակահարմար կհամարի», - ասվում է փաստաթղթում։

Նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ դրա անհրաժեշտությունը չկա՝ պնդելով, որ այս քայլը «նպատակաուղղված սադրիչ բնույթ» է կրում և «կհանգեցնի միայն լարվածության սրման», և որ «ներկայումս չբավարարված կարիք չկա»։

Հիշեցնենք, որ Կալիֆոռնիա նահանգի հարավում գտնվող Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ICE ներգաղթի ծառայության լայնածավալ գործողությունների պատճառով։

Ավելի վաղ նույն օրը ICE-ը, որը զբաղվում է անօրինական միգրանտների հայտնաբերմամբ և արտաքսմամբ, ձերբակալել էր 44 մարդու, ևս մեկին՝ գործակալներին դիմադրություն ցույց տալու համար։

Ականատեսները հայտնել են, որ ICE-ի տեսուչները գործողությունների ժամանակ օգտագործել են արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ։ Դրանից հետո քաղաքի կենտրոնում հավաքվել է ավելի քան 300 ցուցարար, որոնք դատապարտել են ICE-ի կոշտ մեթոդները։