Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը X սոցցանցում մի շարք գրառումներով խստորեն քննադատել է ԱՄՆ դաշնային կառավարությանը՝ նահանգում բողոքի ցույցերին և անկարգություններին ի պատասխան 2000 ազգային գվարդիական տեղակայելու համար։

«Դաշնային կառավարությունը վերահսկողության տակ է վերցնում Կալիֆոռնիայի Ազգային գվարդիան և 2000 զինվոր է տեղակայում Լոս Անջելեսում ոչ թե այն պատճառով, որ այնտեղ իրավապահների պակաս կա, այլ որովհետև նրանք տեսարան են ուզում։

Դրա հնարավորությունը մի՛ տվեք նրանց։

Երբեք բռնության մի՛ դիմեք։ Հանդես եկեք խաղաղ կերպով», - գրառումներից մեկում դիմել է նա ցուցարարներին։

Ավելի ուշ Նյուսոմը նույնքան կտրուկ քննադատել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի՝ նահանգում ծովային հետևակայինների մոբիլիզացնելու ծրագրերը։

«ԱՄՆ պաշտպանության նախարարը սպառնում է ամերիկյան հողում գործող ծովային հետևակայիններ տեղակայել սեփական քաղաքացիների դեմ։

Սա աննորմալ վարքագիծ է», - նշել է նա։

Հիշեցնենք, որ Կալիֆոռնիա նահանգի հարավում գտնվող Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ICE ներգաղթի ծառայության լայնածավալ գործողությունների պատճառով։

Ավելի վաղ նույն օրը ICE-ը, որը զբաղվում է անօրինական միգրանտների հայտնաբերմամբ և արտաքսմամբ, ձերբակալել էր 44 մարդու, ևս մեկին՝ գործակալներին դիմադրություն ցույց տալու համար։

Ականատեսները հայտնել են, որ ICE-ի տեսուչները գործողությունների ժամանակ օգտագործել են արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ։ Դրանից հետո քաղաքի կենտրոնում հավաքվել է ավելի քան 300 ցուցարար, որոնք դատապարտել են ICE-ի կոշտ մեթոդները։