Հայաստանի խորհրդարանի պրակտիկան ցույց է տալիս, որ մեծամասնական ընտրակարգով 41 տեղը կանխավ համարվում է օրվա իշխանության գրպանում դրված տեղեր: Այս մասին այսօր` հունվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն` անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության առաջարկով 100% համամասնական ընտրակարգի անցնելու անհրաժեշտությանը:
Նրա խոսքով` Հայաստանում, որպես կանոն, մեծամասնական ընտրակարգով ընտրվելու բացառիկ հնարավորություններ ստանում են միայն իշխանության ներկայացուցիչները կամ նրանց թեկնածուները: «Ում էլ բերենք մեծամասնական ընտրակարգով առաջադրենք` լինի դա Շառլ Ազնավուրը թե Քիմ Քարդաշյանը, եթե փող տվող կա, ապա անպայման հենց նրան էլ ընտրելու են»,-ասաց նա` հավելելով, որ մեծամասնականն ապաքաղաքական ընտրակարգ է:
Ասուլիսի մյուս բանախոսը` ՀՀԿ–ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն էլ նշեց, որ բացարձակ համամասնական ընտրակարգին անցնելը պետք չէ կապել Սահմանադրության փոփոխության հետ, որովհետեւ մայր օրենքը չի անդրադառնում համամասնական եւ մեծամասնական ընտրակարգին. այդ բաժանումն արված է Ընտրական օրենսգրքով։
Նրա խոսքով` պարզ է, թե ինչու են բոլոր ընդդիմադիր ուժերը ցանկանում անցնել համամասնական ընտրակարգի: «Այդ դեպքում մեծամասնական 41 տեղը կբաշխվի նրանց մեջ ու նրանց տեղերը խորհրդարանում մի քիչ կավելանան»,- նշեց Ռ. Պետրոսյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ կարեւորը ոչ թե համամասնական ընտրակարգի անցնելն է, այլ արդար ընտրություններ անցկացնելը։
Հիշեցնենք, որ մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր` Հովհաննես Սահակյանը նախօրեին հայտարարել էր, թե ընտրակարգը փոխելու համար անհրաժեշտ է փոփոխություն մտցնել ոչ միայն ընտրական օրենսգրքում, այնպես էլ Սահմանադրության մեջ, այնինչ Ռաֆիկ Պետրոսյանը պնդեց հակառակը:



























