Նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը առայժմ չի հստակեցրել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձեւաչափը, սակայն պարտադիր մասնակցելու է ընտրություններին: Այդ մասին այսօր` հունվարի 11-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

«Քաղաքականությունը միայն ցուցակ կազմելը չէ: Ես դեռ չգիտեմ, թե երբ կկազմվեն ցուցակները, դա կարեւոր չէ: Կարեւորը, որ մեր գաղափարները տարածվեն»,- նշել է Արզումանյանը` չբացառելով համագործակցության հնարավորությունը «Ժառանգություն» կուսակցության հետ, որի հետ պարբերաբար քննարկումներ են լինում, թեեւ դեռ ցուցակների հարց չեն քննարկել:

Ավելին, ըստ Արզումանյանի, «Ժառանգությունը» լիբերալ ուժ է եւ իրենց գաղափարները մոտ են: Նախկինում ՀՀՇ վարչության նախագահը, ով ամիսներ առաջ է լքել կուսակցությունը, հայտնեց, թե ժամանակին միակ լիբերալ ուժը ՀՀՇ-ն էր, բայց այդ կուսակցությունը հեռացել է իր գաղափարախոսությունից, ուստի իրենք լքել են այդ կուսակցությունը:

Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ իրենք պատադիր մասնակցելու են ընտրություններին, առաջիկայում կայանալու է կուսակցության համագումարը, որն էլ կորոշի մասնակցության ձեւաչափը: Նաեւ չի բացառվում, որ կուսակցության որոշ անդամներ առաջադրվեն մեծամասնական ընտրակարգով: