Նախօրեին Կապանի «Լեռնագործ» հյուրանոցում ինքնասպանության փորձ են արել երիտասարդ մի տղա եւ մի աղջիկ:

Հայաստանի ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Սեւակ Միլիտոնյանը NEWS.am-ին հայտնեց, որ հունվարի 9-ին, ժամը 22:35-ին Կապանի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, թե 23-ամյա Դ.Ա.-ն եւ Մ.Վ.-ն ինքնասպանություն գործելու նպատակով սուր կտրող գործիքով վնասվածքներ են հասցրել իրենց եւ տեղափոխվել են հիվանդանոց: Հանգամանքները պարզվում են:

Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանն իր հերթին NEWS.am-ին հայտնեց, որ վիրավորներին բժշկական կենտրոն են ընդունել ծայրահեղ ծանր վիճակում` արյան մեծ կորուստով, կտրտած վերքերով: «Խոր կտրող առարկայով, չգիտեմ դանակ, թե ածելի է եղել: Տղայի մոտ մեկ կտրած վերք էր ձախ արմնկափոսում, իսկ աղջկա մոտ` աջ արմնկափոսում, պարանոցի շրջանում կտրած եւ ծակած վերքեր: Ընդունվելիս տղան եղել է անգիտակից վիճակում, հեմորագիկ շոկ էր` ծանր աստիճանի, աղջկա մոտ գիտակցությունը մթագնած է եղել»,-  նշեց Սարիկ Աթաջանյանը եւ հավելեց. «Մեծ աշխատանք է կատարվել, արյան փոխներարկում, ինֆուզիոն թերապիա, հակաշոկային միջոցառումներ: Ներկայումս երկուսի գիտակցությունը պարզ է, հեմոդինամիկ ցուցանիշները մոտ բավարարին Աղջկա մոտ, քանի որ վերքը մի քիչ վտանգավոր էր, ծանրության աստիճանն ավելին է: Ամեն դեպքում երկուսի վիճակն էլ կայուն է»:

Ըստ բժշկի, նրանք երկուսն էլ չեն հայտնել, թե որն է իրենց քայլի պատճառ. «Ամեն մեկն ասում է` ես եմ արել»:

Բժիշկը նշեց, որ «Լեռնագործ» հյուրանոցի աշխատակիցները տեղյակ էլ չեն եղել, որ իրենց մոտ նման բան է կատարվել: «Դրսից են զանգել ասել, որ հիվանդ կա: Ըստ երեւույթին, տղան է զանգել ընկերոջը, ով զանգել է շտապօգնություն, որը գնացել է դեպքի վայրը»,- ասաց Աթաջանյանը: