Եգիպտոսում հուզումների մեկնարկի օրը` հունվարի 25-ը, հայտարարվել է ազգային տոն: Զինված ուժերի բարձրագույն խորհրդի ներկայացուցիչ,  գեներալ Իսմայիլ Աթմանը լրագրողներին հայտնել է, որ հունվարի 25-ը կդառնա այնպիսի ազգային տոն, ինչպիսին որ Հոկտեմբերյան պատերազմի (1973թ. Իսրայելի դեմ) եւ հուլիսի 23-ի Հեղափոխության (1952 թվականի) հաղթանակների տարեդարձներ են:

Ըստ նրա` այդ օրը Եգիպտոսում կանցկացվեն տոնական միջոցառումներ, զինվորական շքերթ, ավիացիոն շոու եւ բազմաթիվ  այլ հադիսություններ: Տոնակատարություների կենտրոնը կլինի ամբողջ աշխարհում հայտնի Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակը, որը դարձել է Մուբարաքի վարչակարգի դեմ ըմբոստացման խորհրդանիշը, գրում է «ՌԻԱ Նովստին»:

Եգիպտոսում ապստամբություններն սկսվել են 2011 թվականի հունվարի 25-ի խաղաղ երթից, որի գլխավոր պահանջներն էին  նվազագույն աշխատավարձերի բարձրացումը, ներքին գործերի նախարարի հրաժարականը, հասարակության ժողովրդավարականացումը: Երթն ընդհանուր առմամբ խաղաղ է անցել, սակայն Սուեցում բախումներ են սկսվել, որտեղ էլ առաջին անգամ թափվել է ցուցարարների արյունը:

Դրանից հետո ցույցի են դուրս եկել հարյուր-հազարավոր մարդիկ: Ոստիկանությունն այլեւս անզոր էր դիմակայել ցուցարարների նման քանակությանը եւ, փաստորեն, դադարեցրեց իր աշխատանքները: Մուբարաքը պարետային ժամ հայտարարեց, իսկ եգիպտական քաղաքներ ներխուժեցին զինվորականները:

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը 2011թ. փետրվարի 11-ին ստիպված եղավ հրաժարական տալ` ժողովրդական չդադարող խռովությունների, տնտեսական անկման եւ անվտանգության համակարգի փլուզման պայմաններում: Երկրի իշխանությունը ժամանակավորապես փոխանցվեց զինվորականներին: Թեեւ ժողովրդական բողոքի ալիքը շարունակվում է առ այսօր, այնուամենայնիվ, իրավիճակը զգալիորեն կայունացել է:

Եգիպտոսի նախկին նախագահը, նրա ոդիները եւ երկրի ղեկավարության բարձրաստիճան պաշտոնյաների մեծամասնությունը հայտնվել են մեղադրյալների աթոռին: