Բրիտանական Barclays Capital բանկի վերլուծաբանները ուղղակի կապ են արձանագրել երկնաքերների շինարարության եւ տնտեսական ճգնաժամի միջեւ: Նրանք նկատել են, որ գրեթե ամեն անգամ տվյալ պահին աշխարհի ամենաբարձր երկնաքերի ի հայտ գալուց հետո տնտեսական ծանր ճգնաժամ է սկսվել, նաեւ ցույց են տվել, որ այդ կապը պատահական չէ:

Այդպես է եղել 1930թ. Նյու Յորքում, 1974թ.` Չիկագոյում, 1997թ.` Կուալա Լումպուրում, 2010թ.` Դուբայում:

Նման շենքերի շինարարությունը սովորաբար ուղեկցվում է կապիտալի ոչ ռացիոնալ բաշխմամբ, հավաստիացնում են վերլուծաբանները, գրում է AFP-ն:

Այդ կապակցությամբ  Barclays-ը կոչ է անում ուշադրություն դարձնել Չինաստանի եւ  Հնդկաստանի վրա: Երկու երկրներ, որոնք ներկայումս երկնաքերների կառուցմամբ աշխարհում առաջատարն են: Վերջերս Հնդկաստանում շահագործման են հանձնվել 2 այդպիսի շենքեր, իսկ 14-ն էլ գտնվում են շինարարության փուլում:

Վերջին 6 տարիներին Չինաստանում կառուցվել  են 53 երկնաքերներ եւ եւս 124-ը կառուցվում են: Դրա հետ մեկտեղ, շատ  տնտեսագետներ զգուշացնում են, որ երկրում նման շինարարական եռուզեռն իրականում փուչիկ է հիշեցնում, որն ամեն րոպե կարող է պայթել:

Երկնաքերների կառուցման տեմպերից ելնելով` Barclays-ում  կարծում են, որ մոտակա 5 տարիներին Չինաստանը եւ Հնդկաստանը տնտեսական  զգալի սրբագրումների կարիք կունենան: