Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը Il Pittore իտալական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Հայասատանի քաղաքացիների տուժելու մասին տեղեկություն չի ստացել:
Դեսպանատանը հայտնել են, որ վիրավորների թվում կան ԱՊՀ երկրների քաղաքացիներ, բայց որ նրանց մեջ կան Հայաստանի քաղաքացիներ, այդ մասին ոչ մի տեղեկություն չկա: Դրա հետ մեկտեղ հայտնեցին, որ տուժածների մասին տեղեկությունները դեռեւս վերջնական չեն, այլ անընդհատ նոր լուրեր են ստացվում:
Հիշեցնենք, որ ռուսական լրատվամիջոցների հրապարակումներում հայկական ազգանուններով 6 անձինք են ներկայացված`Մարկուսյան Ռոմա (24 տարեկան), Եղուսյան Սիրանուշ, Մկրտչյան Ֆելիքս (14 տարեկան) եւ Աղաջանովների ընտանիքը` Ելենա Յուրեւնան (52 տարեկան), դուստրը` Վիկտորյա Իգորեւնան (30 տարեկան), թոռնուհին` Նիկա Իգորեւնան (4 տարեկան):
Դեսպանատան տվյալներով` պայթյունի հետեւանքով տուժած վեց հայերից երեքն են շարունակում մնալ հիվանդանոցում` Վիլտորյա, Սվետլանա եւ Նիկա Աղաջանովները: Նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են:
Հիշեցնենք, այսօր` հունվարի 11-ին, ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ պայթյունի պահին ռեստորանի հետնամասում փակվել են ԱՊՀ տարբեր երկրներից, հիմնականում Ղըրղզստանից ներգաղթած աշխատողները: Սեփականատերերը կողպել են ապօրինի ներգաղթածներին, որպեսզի նրանց թաքցնեն միգրացիոն ծառայությունից:
Պայթյունը տեղի է ունեցել հունվարի 9-ին իտալական Il Pittore ռեստորանում: Միջադեպի արդյունքում ռեստորանում աշխատող երկու կանայք են զոհվել, 31 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, եւս 8-ը բուժօգնություն ստանալուց հետո ուղարկվել են տուն:




























