Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` հունվարի 11-ին, տեղի է ունեցել Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության է առնվել Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու փլուզման խնդիրը: Ժողովում Գերագույն հոգեւոր խորհուրդն ընդունել է հետեւյալ հայտարարությունը.

«Ցավով տեղեկացանք, որ հուվարի 9-ին փլուզվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող Սբ. Նշան հայկական եկեղեցու հյուսիսարեւելյան հատվածը:

Մեծապես անհանգստացած սույն փաստով եւ նկատի ունենալով Շամխորեցոց Կարմիր Ավետարան եւ Մուղնեցոց Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցիների փլուզման նախադեպերը` Գերագույն հոգեւոր խորհուրդն արտահայտում է իր խորը մտահոգությունը:

Դեռեւս 2011թ. հունիս ամսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան  կատարած հովվապետական այցի ընթացքում Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Բ-ի հետ տեղի ունեցած հանդիպմանը հայկական կողմին հավաստիացում էր արվել, որ փլուզված եւ փլուզման վտանգի ենթակա հայկական եկեղեցիների նկատմամբ պատշաճ խնամք եւ հոգատարություն կդրսեւորվի:

Հակառակ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Վիրահայոց թեմի կողմից հնչեցված ահազանգերի` վրացական կողմի անուշադրությունը եւ հապաղումը հրատապ խնդիրների լուծման մեջ, ցավոք, այսօր կանգնեցրել է մեզ տխուր այս իրավիճակի առջեւ:

Գերագույն հոգեւոր խորհուրդը կոչ է ուղղում Վրաստանի իշխանություններին` անհապաղ քայլեր ձեռնարկել փրկելու կործանումից Սբ. Նշան հայկական եկեղեցին, հետամուտ լինել Վրաստանի մշակութային ժառանգության մաս կազմող հայկական սրբավայրերի պահպանությանն ու խնամքին եւ ընդառաջ Վիրահայոց թեմի խնդրանքին` վիրահայությանը վերադարձնել պահանջված հայկական եկեղեցիները»: