Այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքների կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ճամբարակում։

«Հանձնարարեցի իմ որոշմամբ ստեղծել կարիքները գնահատող աշխատանքային խումբ։

Հանձնարարեցի նաև մարզային բժշկական կենտրոններից ներգրավել հավելյալ բուժանձնակազմ և շտապօգնության մեքենաներ, ինչպես նաև անհրաժեշտ շինտեխնիկա՝ փրկարարական և վերականգնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով»,- գրել է մարզպետը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, զոհերի թիվը հասել է 2–ի։

Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ որ հրդեհի հետևանքով տուժած 9 անձ հոսպիտալացվել է։

Կան նաեւ փլատակներում գտնվող անձինք, նրանց որոնում են։