Ֆրանսիայի Նոժան-սյուր-Մարն քաղաքում 15-ամյա դպրոցականը դանակով հարձակվել է 31-ամյա ուսուցչուհու վրա դպրոցի շենքի դիմաց: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 10-ին՝ ուսումնական հաստատություններում անվտանգությունը բարելավելու նպատակով ոստիկանության կողմից իրականացվող պայուսակների ստուգման ժամանակ: Կինը հարձակումից կարճ ժամանակ անց մահացել է ստացած վերքերից:
Վերին Մարն դեպարտամենտի պրեֆեկտուրայի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել ոստիկանության աչքի առջեւ հաղորդել է Bild-ը։ Դեռահասը դանակով մի քանի մարդու է հարվածել, երբ մոտեցել է անցակետին։ Ոստիկանությունը կարողացել է արագ չեզոքացնել հարձակվողին. իրավապահ մարմինների աշխատակիցներից մեկը թեթեւ վնասվածքներ է ստացել նրան ձերբակալելու ժամանակ։
Դպրոցում 324 աշակերտ է եղել, շենքն անմիջապես շրջափակվել է, որից հետո երեխաներին հոգեբանական օգնություն է ցուցաբերվել։ Հարձակվողի դրդապատճառների մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում։
Վերջին երկու ամիսների ընթացքում Ֆրանսիայում անցկացվել է 6 000 նման ստուգում՝ առգրավվել է 186 դանակ, 32 աշակերտ ձերբակալվել է։ Ստուգումները իշխանությունների՝ Փարիզի մոտ մեկ այլ դպրոցում դեռահասի վերջերս տեղի ունեցած մահվաը արձագանքն էին։
«Նոժանում մեր երեխաներին հետեւելիս ուսուցչուհի է մահացել՝ դառնալով անիմաստ բռնության զոհ։ Ազգը սգի մեջ է, եւ կառավարությունը մոբիլիզացնում է բոլոր ջանքերը՝ հանցավորությունը նվազեցնելու համար»,- գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։



























