Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած քաղաքացիներն են 1937 թվականին ծնված Ռոզա Վարդանյանը, 1949 թվականին ծնված Ռիտա Սարգսյանը, 1935 թվականին ծնված Ռոզա Մովսիսյանը և 1963 թվականին ծնված Հրաչյա Լազարյան։

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Ղուկասյանը, փլատակներից փրկարարները դուրս են բերել անհետացած 5 անձանցից 4-ի դիերը: Որոնվող քաղաքացիների մեջ է 1971 թվականին ծնված Արթուր Սարգսյանը, ում էլ, փրկարարներն, այս պահին փնտրում են:

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ:

Պայթյունի հետևանքով 3 անձ մահացել է, 7 չափահաս և 4 անչափահաս անձինք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի առողջության կենտրոն:

Ճամբարակի ԲԿ-ից ստացվել է տեղեկատվություն, որ 11 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Նշենք, որ Ճամբարակի պայթյունի դեպքով ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ: