Հազվագյուտ անգլոսաքսոնական մետաղադրամի խոշոր հնագիտական ​​​​գտածոն ապշեցրել է մասնագետներին, քանի որ նրանք կարծում են, որ այն իր տեսակի մեջ ամենահինն է։

Նորիջի մոտակայքում գտնվող դաշտում գանձ որոնողի հայտնաբերած մետաղադրամը Արեւելյան Անգլիայից է։ Նորֆոլքի շրջակա միջավայրի ծառայության մետաղադրամների մասնագետ, դոկտոր Ադրիան Մարսդենը այն նկարագրել է որպես «չափազանց նշանակալից»։ Մանր մետաղադրամը հատվել է մ.թ. 640-660թթ. շրջանում։

Ոսկե արտեֆակտը պատկերում է տղամարդու, որը, կարծես, ջիգու է պարում՝ մի ձեռքում քրիստոնեական խաչ պահելով։ Մետաղադրամի վրա նաեւ պատկերված է սկանդինավյան աստծո՝ Օդինի հետ կապված խորհրդանիշ, որը, ըստ դիցաբանության, պատասխանատու էր մահացածներին հանդերձյալ կյանք տանելու համար։

«Այն ունի հետաքրքրաշարժ պատկերագրություն՝ փոքրիկ կերպար երկար խաչով (ակնհայտորեն քրիստոնեական)՝ վալկնուտի նախշի վրա, որը հեթանոսական արմատներ ունի»,- նշել է դոկտոր Մարսդենը Searcher ամսագրում հրապարակված հոդվածում։

Մետաղադրամի դարձերեսին պատկերված է կամ խաչի, կամ սվաստիկայի նախշ, որն այդ ժամանակ համարվում էր հաջողության խորհրդանիշ։ Նշանը շրջապատված է արձանագրությամբ, ենթադրաբար՝ լատիներեն։

Մետաղադրամը պատրաստվել է այն ժամանակ, երբ հեթանոսական հավատալիքները սկսել են զիջել իրենց տեղը քրիստոնեությանը, եւ նախշը խորհրդանշում է այդ փոփոխությունը։