Գիտնականներն օվկիանոսում հաղորդակցության տարօրինակ ձև են հայտնաբերել, որը, ըստ նրանց, կարող է օգնել իրենց այլմոլորակային կյանք հայտնաբերել տիեզերքում։

Արտաերկրային բանականության որոնում  (SETI) ինստիտուտի հետազոտողները հայտնաբերել են, որ ջրից բարձրացող մեծ, պղպջակների նման օղակները ստեղծել են սապատավոր կետերը, որոնք, հետազոտողների կարծիքով, նման կերպ ողջունում են մոտակայքում գտնվող մարդկանց։

Marine Mammal Science հանդեսում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ օղակները ձևավորվում են երեք հիմնական իրավիճակներում՝ սնվելու, հանգստանալու և հետաքրքրասիրության համար, որն ամենատարածված նպատակն է։ Արձանագրվել է ինը դեպք, երբ սապատավոր կետերը նավակների և լողորդների մոտ պղպջակներ են փչել։

Այս դեպքերում սապատավոր կետերը բազմիցս մոտեցել են նավակներին և ջրի մեջ գտնվող մարդկանց՝ առանց ագրեսիայի որևէ նշանի, թափահարելով պոչերը և ջուր ցայտելով։ Հետազոտողները նշել են, որ դա հստակ նշան է այն բանի, որ սապատավորները հանգիստ էին և փորձում էին խաղային վարք դրսևորել, ինչը շրջապատի մարդկանց հետ շփվելիս ստիպում էր նրանց հարմարավետ զգալ:

Մինչ այժմ պղպջակավոր օղակները տեսանելի էին միայն այն ժամանակ, երբ սապատավորները որս էին հավաքում, իսկ արուներն իրենց հետևում պղպջակավոր օղակների հետք էին թողնում՝ էգին գրավելու համար։ Հետազոտողները կարծում են, որ հնարավոր է, որ կետերը տարիներ շարունակ փորձել են շփվել մարդկանց հետ, սակայն այս երևույթը մինչ օրս չի ուսումնասիրվել։

Գիտնականների թիմը կարծում է, որ այդ օղակները կարող են օգնել հետազոտողներին բարելավել տիեզերքում այլմոլորակային բանականության որոնումները՝ բացելով ճանապարհը տիեզերքից եկող անսովոր ազդանշաններ հայտնաբերելու համար, որոնք, ինչպես սովորաբար մտածում ենք, մարդկանց համար նախատեսված չեն։

SETI ինստիտուտը ոչ առևտրային հետազոտական ​​կազմակերպություն է, որը զբաղվում է այլմոլորակային բանականության որոնմամբ և տիեզերքում կյանքի ծագման ու բնույթի ուսումնասիրությամբ։