Մինչ Air India-ի ինքնաթիռում գտնվողների հարազատները հուսահատորեն փնտրում են իրենց սիրելիներին Ահմադաբադի Ասարվա քաղաքացիական հիվանդանոցում, ընդհանուր բաժանմունքի մահճակալին պառկած է մահացու ավիավթարից հետո ողջ մնացած 40-ամյա Վիշվաշ Կումար Ռամեշը, գրում է Hindustan Times-ը։
«Թռիչքից երեսուն վայրկյան անց բարձր ձայն լսվեց, որից հետո ինքնաթիռը ջախջախվեց։ Ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ»,- հնդկական լրատվամիջոցներին ասել է Վիշվաշը: Ստացած հարվածներից վնասվել են նրա կրծքավանդակը, աչքերն ու ոտքերը։
Գատվիկից Հնդկաստան թռչող Air India ավիաընկերության Boeing 787-8 Dreamliner ինքնաթիռը, որի մեջ գտնվում էր 242 մարդ, նրանց թվում՝ անձնակազմը, հինգշաբթի տեղական ժամանակով 13:39-ին թռիչք կատարեց, մի քանի րոպե անց վթարի ենթարկվեց և բռնկվեց։
«Երբ վեր կացա, շուրջս դիակներ էին։ Ես վախեցա։ Վեր ցատկեցի ու վազեցի։ Ինքնաթիռի բեկորները ցրված էին շուրջս», -պատմել է ավիավթարից ողջ մնացածը։
Մեծ Բրիտանիայի քաղաքացի Վիշվաշը մի քանի օրով էր եկել Հնդկաստան՝ ընտանիքին այցելելու և մտադիր էր իր 45-ամյա եղբոր՝ Աջայ Կումար Ռամեշի հետ վերադառնալ Մեծ Բրիտանիա։
Վիշվաշը պատմել է, որ 20 տարի ապրել է Լոնդոնում՝ հավելելով, որ իր կինն ու երեխան նույնպես ապրում են Լոնդոնում։
Հիվանդանոցի այլ հատվածներում Air India-ի չվերթի ուղևորների հարազատներն ու ընկերները փնտրում էին իրենց սիրելիներին։ Նրանց թվում էին Գուջարաթի նախկին գլխավոր նախարար Վիջայ Ռուպանիի ընտանիքի անդամները, որը նույնպես ինքնաթիռում էր։




























