ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Մինսկ կատարած իր այցի շրջանակներում, Բելառուսի Արդյունաբերության առաջին փոխնախարար Իվան Դեմոդեւիչի ուղեկցությամբ այցելել է «Մինսկի տրակտորների գործարան» եւ ծանոթացել ձեռնարկության հզորությունների հետ:

ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում բելառուսական տրակտորների սպասարկման կենտրոնների ստեղծմանն առնչվող հարցեր: 

Այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Բելառուսի գյուղատնտեսության եւ պարենամթերքի նախարար Միխայիլ Ռուսիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրներում պարենային անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ընդգծվել է այս ոլորտում փորձի փոխանակման անհրաժեշտությունը, եւ նախանշվել են հետագա համագործակցության հիմնական ուղղությունները, որոնց կենսագործմանն ուղղված հետագա քայլերի իրականացման նպատակով սույն թվականի փետրվար-մարտ ամիսներին Միխայիլ Ռուսիի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան: 

Այցի շրջանակներում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ Բելառուսի պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինի հետ, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-բելառուսական կապերի խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախատեսվում է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկոշենկոյի հետ, ինչպես նաեւ կստորագրվի Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի եւ Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղարության միջեւ 2012-2013թթ. համագործակցության ծրագիրը: