Հուլիսի 18-ին Մոսկվայի կենտրոնական ձիարշավարանում կայանալու է ԱՊՀ երկրների նախագահների ոչ ֆորմալ գագաթնաժողովը: Ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականը տեղեկացնում է, որ ԱՊՀ տասնմեկ երկրներից Մոսկվա կգան ոչ բոլորը: Պարբերականը նշում է, որ ՌԴ նախագահի աշխատակազմին իրենց մասնակցությունը ձիարշավին հաստատել են Հայաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի եւ Մոլդովայի նախագահները: Բոլոր այս նախագահները, բացի Տաջիկստանի նախագահից, ձիավարության համար իրենց ձիերն էլ ունեն: «Վեդոմոստի»-ն ընդգծում է, որ ձիարշավին իր մասնակցությունն են ունենալու նաեւ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի նախագահները:

«Մեկ շաբաթ առաջ G8 գագաթնաժողովում հայտարարվել էր, որ Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված հերթական հանդիպումը կունենան: Այդ հանդիպումը հնարավոր է կայանա Կրեմլում»,- «Վեդոմոստի»-ին հայտնել է Կրեմլի աղբյուրը:

Ըստ «Վեդոմոստիի» Ուկրաինայի եւ Թուրքմենիայի նախագահները Մոսկվա չեն գնա: Հարցականի տակ է նաեւ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Մոսկվա:

Ի դեպ, պարբերականը նաեւ նշում է, թե Մոսկվա այցելած նախագահները ճոխ նվերներ են ստանալու՝ վարկերի տեսքով: