Վրացական քաղաքականություն չեն կարող վերադառնալ «մումիաները», որոնցից ժողովուրդն ազատվել է մի քանի տարի առաջ: Այս մասին Գորիում հայտարարել է նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, գրում է newsgeorgia.ru-ն:
«Նրանք, ովքեր ցանկանում են մեզ նորից հետ քաշել, այդ թվում` ռուսական փողերի օգնությամբ, պետք է իմանան, որ «մումիաները» երբեք չեն կարող հետ վերադառնալ. դրանք միայն ֆիլմերում են վերադառնում», - քաղաքի բնակիչներին է դիմել նախագահը` նշելով, որ այն քաղաքական գործիչները, որոնք առաջ կողոպտում էին ժողովրդին, այսօր փորձում են միավորվել եւ «հետ բերել իրենց ժամանակը»:
Սահակաշվիլիի խոսքով` ինքն արդեն մոռացել է այդ դեմքերը եւ հիշողությունից ջնջել բոլոր նրանց, «ովքեր մեզ թալանում էին, քանի որ վատը մոռանալը մարդկային բնական բնազդ է»:
«Այժմ նրանց ինչ-որ տեղից հավաքել են, ճիշտ է, նրանք մի փոքր ծերացել, նիհարել եւ չարացել են, քանի որ առաջվա նման չեն կարողանում գրպանել եւ մտադիր են համատեղ ուժերով գրոհել` հույս ունենալով, որ Կարթագենը կընկնի...», - նշել է Սահակաշվիլին` ընդգծելով, որ Վրաստանի վերածննդի եւ հետագա բարգավաճման ընթացքը կանգնեցնելն արդեն անհնար է:



























