Մոսկվայի ճապոնական ռեստորանում տեղի ունեցած ողբերգությունը առիթ հանդիսացավ մեկ այլ ուշագրավ պատմության ուսումնասիրման համար, թե ինչպես են հայերը գործարարությամբ զբաղվում Ռուսաստանի մայրաքաղաքում: Պարզվում է, որ ռեստորանի նախկին եւ ներկայիս տերերը հայեր են, ընդ որում նրանցից մեկը խլել է ռեստորանը մյուսից:

Նախկին տերը` Ռաֆայել Գրիգորյանը, «Մոսկովսկի կոմսոմոլեցին» տված բացառիկ հարցազրույցում պատմել է, որ գրել է նախագահ Մեդվեդեւին, ՆԳՆ նախարար Նուրգալիեւին, գլխավոր դատախազ Չայկային` խնդրելով պատասխանատվության ենթարկել իրավապահ մարմինների կոռումպացված աշխատողներին: Եթե նրան լսեին, այդ ողբերգությունը տեղի չէր ունենա:

Նա պատմել է, որ ռեստորանը ինքն է կառուցել 1998-ին: 700 քմ տարածք զբաղեցնող շինությունն արդեն պատրաստ էր, երբ իր մոտ են եկել Լեւոն Փինաչյանը, Սուրեն Մկրտչյանը եւ իտալացի Ստեֆանո Ֆիդանցան, ովքեր ցանկացել են վարձակալել շինությունը: Նրանց հաջողվել է համոզել Գրիգորյանին: Արդյունքում որպես առեւտրի կենտրոն ծառայեցվող շենքին կից կառուցվել է իտալական Il Pittore ռեստորանը:

Այնուհետեւ Փինաչյանն ու Մկրտչյանը մասնաբաժին են պահանջել Գրիգորյանի ընկերությունում` խոստանալով վճարել 1,5 մլն դոլար: Ստանալով բաժնետոմսերի 80 տոկոսը եւ փոխարեն ոչինչ չվճարելով` նրանք նախկին տիրոջը հայտարարել են, որ վերահսկում են բաժնետոմսերի փաթեթի մեծ մասը:

«Սուրեն Մկրտչյանի մասին ես գիտեի, որ նա ծագմամբ Երեւանից է, կրթություն չունի եւ երազում էր հարուստ կին գտնելու մասին: Եւ գտավ: Նա ամուսնացավ մի ռուսի հետ, ով նրանից 20 տարով մեծ է: Նրանք տղաներ ունեցան` Ֆելիքսն ու Ֆիլիպը: Այնուհետեւ նա նորից ամուսնացավ»,-պատմել է Ռաֆայել Գրիգորյանը:

Գործարարը հայտնել է, որ գործը հասել է նույնիսկ ծեծկռտուքի: Սուրեն Մկրտչյանը ծեծել է իրեն ռեստորանի տարածքում` խոհարարների եւ սպասավորների ներկայությամբ: Գրիգորյանը դիմել է իրավապահ մարմիններին, սակայն քրեական գործ չի հարուցվել: Միայն հարկայինն է համաձայնել ստուգումներ անցկացնել, բայց ոչ մի խախտում չի հայտնաբերել: Իսկ դրանք, նախկին տիրոջ խոսքով, շատ են եղել: «Եկամուտը քողարկվում էր հարկային ծառայությունների կողմից: Ռեստորանում աշխատում էր մոտ 100 մարդ, բայց գրանցված էին միայն 30-ը»,-պատմել է նա:

Ռաֆայել Գրիգորյանը փորձել է վերականգնել իր սեփականությունը` անցնելով մի շարք դատական գործընթացներով:

«Ինձ վրա հարձակվել են նաեւ իմ սեփական բնակարանում: Կոտրել էին իմ ողերը, վնասել ողնաշարը: Արդյունքում հարազատներս ինձ Հայաստան տեղափոխեցին: Այդպես էլ չգտան մեղավորներին: Արդարության հասնելու իմ բոլոր փորձերը անարդյունք էին: Կոռուպցիան անհաղթահարելի է»,-նշել է Գրիգորյանը:

Ռեստորանում պայթյունի ժամանակ գտնվել է նաեւ Սուրեն Մկրտչյանի որդին, ում այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Հունվարի 11-ին ռեստորանի ղեկավարությունն ընդունել է այն փաստը, որ գազային սարքավորումներ են օգտագործվել ռեստորանում ուտելիք պատրաստելու ժամանակ: Հետաքննությունը շարունակվում է: