ԿԺԴՀ նոր առաջնորդի ավագ եղբայր Կիմ Չեն Նամը վստահ չէ, որ Կիմ Չեն Ընն ի վիճակի է միանձնյա կառավարել երկիրը: Նա ենթադրում է, որ երկրում կուժեղանա զինվորականների ազդեցությունը:

Այս մասին ասվում է Կիմ Չեն Նամի էլեկտրոնային նամակում, որն ուղարկվել է «Tokyo Shimbun» ճապոնական թերթին: Ավագ եղբայրը կասկած է հայտնում, որ երիտասարդ ժառանգը, որին ընդամենը երկու տարի են պատրաստել որպես առաջնորդի, երկրում կարող է իշխել 37 տարի, ինչպես որ ԿԺԴՀ նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրը:

«Կարծում եմ, որ ներկայիս ղեկավարող վերնախավը կգնա հորս հետքերով` երիտասարդ ժառանգին պահպանելով իբրեւ խորհրդանշական կերպար», -  ասվում է Կիմ Չեն Նամի էլեկտրոնային նամակում:

Կիմ Չեն Նամը մոտ 40 տարեկան է, հոր հետ ունեցած տարաձայնությունների պատճառով երկար տարիներ բնակվել է երկրի սահմաններից դուրս` շնորհազրկվելով այն բանից հետո, երբ  2001 թվականին փորձել էր Ճապոնիա անցնել կեղծ անձնագրով, հաղորոդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»

Սա դեկտեմբերի 17-ից` ԿԺԴՀ նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվանից հետո ծավալվող իրադարձությունների մասին Կիմ Չեն Նամի առաջին մեկնաբանությունն էր: Սակայն նա առաջին անգամը չէ, որ քննադատում է ԿԺԴՀ-ի իշխանություններին: