Ըստ ոստիկանության, եւս մեկ քայլով հիմնավորվել է, որ «Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանն ինքնասպանություն է գործել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Կոտայքի քննչական բաժանմունքի պետ Եղիշե Պետրոսյանը:

«Մենք ունենք նշանակված համալիր փորձաքննության արդյունքները, որի  համաձայն, այդ ինքնասպանությունը կարող էր տեղի ունենալ: Այսինքն` այդ ձեռքի դիրքը բացարձակ չի հակասում այդ վարկածին: Մնացած ապացույցներով եւս կասկածները գնում էր դեպի ինքնասպանություն»,- ավելացրեց Եղիշե Պետրոսյանը:

Ավելի վաղ` NEWS.am-ը տեղեկացրել էր, որ փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) եւ 235 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Նշենք, որ Արմեն Պետրոսյանի կինը` Տատյանա Չադենկովան NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ չի հավատում, որ Արմենը կարող էր ինքնասպանություն գործած լիներ, եթե իհարկե, թմրանյութի կամ ալկոհոլի  ազդեցության տակ չլիներ: Հետեւաբար, Եղիշե Պետրոսյանին հարցրեցինք, թե դատաբժշկական փորձաքննության պատասխաններում թմրանյութի առկայություն եղե՞լ է Արմեն Պետրոսյանի օրգանիզմում, թե` ոչ, ինչին ի պատասխան նա արձագանքեց. «Չի հայտնաբերվել: Կնոջն էլ մենք վերջերս հարցաքննել ենք եւ կնոջ ցուցմունքն ու նման հայտարարությունը չի կարելի լուրջ հիմք ընդունել: Դա պարզապես իր կարծիքն ու դիրքորոշումն է: Նա ասել է, որ հնարավոր է թմրանյութ օգտագործած լիներ»:

Հիշեցենք, որ ոստիկանության Կոտայքի բաժնում հոկտեմբերի 16-ին, ժամը` 13:15-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Սեւան-Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող հողածածկ ճանապարհին կայանված է «BMW X-5» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «BMW X-5»-ը, որի վարորդի նստելատեղին հայտնաբերվել է 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով, աջ ձեռքին` մատը ձգանին, եղել է «ՏՏ» տիպի ատրճանակ` պահունակում 6 փամփուշտով: Ի դեպ, NEWS.am-ը փորձեց Արմեն Պետրոսյանի հարազատներից պարզել, թե որքանով են նրանք արժանահավատ համարում ինքնասպանության վարկածը, սակայն մեզ հետ զրուցող տղամարդը, ով, ամենայն հավանականությամբ, Արմեն Պետրոսյանի քեռին է, ասաց, որ ինքը ոչինչ չի կարող ասել եւ առաջարկեց զանգահարել Ա. Պետրոսյանի մորը` Կարինե Սուքիասյանի կամ քրոջը` Արմինե Պետրոսյանին: Նրանց ուղղված հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը